Կորոնավիրուսով հիվանդացել է աշխարհի բնակչության 50 մարդուց 1-ը
Աշխարհում կորոնավիրուսի մինչև օրս հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 150 միլիոնը, մահվան դեպքերի թիվը գերազանցել է 3 միլիոն 160 հազարը։ The Guardian պարբերականի փոխանցմամբ՝ վիրուսի նոր դեպքերի թիվը կազմում է օրական շուրջ 800 հազար։ Սա նշանակում է, որ աշխարհի բնակչության յուրաքանչյուր 50 հոգուց մեկը հիվանդացել է COVID-19-ով։
Կորոնավիրուսային իրավիճակը հատկապես ծանր է Հնդկաստանում։ Վերջին 24 ժամում այնտեղ վարակի դեպքերի և մահացության նոր ռեկորդ է սահմանվել. կորոնավիրուս է հայտնաբերվել գրեթե 380 հազար մարդու մոտ, 3600-ից ավելի մարդ մահացել է։ Հնդկաստանում համավարակի սկզբից մինչև օրս վարակվածների թիվը գերազանցել է 18 միլիոնը, 200 հազարից ավելի մարդ մահացել է։
Worldometers կայքի տվյալներով՝ COVID-19-ով հիվանդացածների և մահացության ցուցանիշով առաջին հորիզոնականը շարունակում է զբաղեցնել ԱՄՆ-ն՝ գրեթե 33 միլիոն դեպքով, 580 հազարից ավելի մահվան դեպքով։ ԱՄՆ-ին ու Հնդկաստանին հաջորդում են Բրազիլիան (14.523.807 դեպք), Ֆրանսիան (5.565.852 դեպք), Ռուսաստանը (4.787.273 դեպք) և Թուրքիան (4.751.026 դեպք)։
Կարծիքներ