Թրամփը դատի է տվել գրող Քերոլին, որն իրեն մեղադրել էր բռնաբարության համար
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 27-ին հակընդդեմ հայց է ներկայացրել գրող Էլիզաբեթ Ջին Քերոլի դեմ, որն ավելի վաղ դատարան էր դիմել՝ մեղադրելով նրան բռնաբարության և զրպարտության մեջ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը։
Գործակալության տվյալներով` ԱՄՆ վարչակազմի նախկին ղեկավարը Քերոլին մեղադրում է բռնաբարության մեղադրանքների պատճառով իր հեղինակությանը վնաս պատճառելու մեջ, թեև երդվյալ ատենակալները նրան անմեղ են ճանաչել այս մեղադրանքով։
Մայիսի 9-ին Նյու Յորքում երդվյալ ատենակալները Թրամփին մեղավոր են ճանաչել գրողի կողմից ներկայացված քաղաքացիական հայցի գործով, որը նրան մեղադրել էր ոտնձգությունների և զրպարտության մեջ: Սպիտակ տան նախկին ղեկավարը Քերոլին պետք է վճարի 5 մլն դոլար։ Գրողը Թրամփին մեղադրել էր նաև բռնաբարության մեջ, սակայն երդվյալ ատենակալներն այս հոդվածով նրան մեղավոր չէին ճանաչել:
Թրամփի ներկայացուցիչները հակընդդեմ հայց են ներկայացրել այն բանից հետո, երբ դատարանը գրողին թույլ է տվել լրացնել Սպիտակ տան նախկին ղեկավարի դեմ նոր հայցը։ Դրա համար հիմք են դարձել նախկին նախագահի վերջին հայտարարությունները. CNN հեռուստաընկերության եթերում Թրամփը գրողին անվանել էր «խելագար», նրա փաստարկները՝ «կեղծիք» և «հերյուրանք», իսկ հայցը՝ «սարքովի գործարք»:
Սույն գործով քննությունները նշանակված են 2024 թվականի հունվարին։ Քերոլը Թրամփից պահանջում է վնասի փոխհատուցում 10 միլիոն դոլարի չափով։
2019 թ.-ին Քերոլը, որը սյունակներ էր գրում մի քանի հայտնի լրատվամիջոցների համար, հրատարակել է մի գիրք, որտեղ պնդել է, որ 1995-ի վերջին կամ 1996-ի սկզբին Թրամփն իրեն բռնաբարել է Նյու Յորքի կենտրոնի խանութներից մեկի հանդերձարանում: Թրամփը բազմիցս հերքել է այդ մեղադրանքները:
Կարծիքներ