Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

Միգուցե առաջիկայում գնանք խաղային ոլորտի ընկերությունները փակելու ճանապարհով. ՔՊ պատգամավոր

Հայաստանի ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը չի բացառում խաղային ոլորտի կազմակերպությունները փակելու հնարավորությունը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Սարգսյանն այս մասին ասաց ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում իր ներկայացրած նախագծի քննարկմանը, որով պատգամավորն առաջարկում է շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի, տոտալիզատորի և ինտերնետ տոտալիզատորի կազմակերպման գործունեության հարկային բեռը բարձրացնել՝ սահմանելով 10 տոկոս շրջանառության հարկ: 

«Միգուցե նաև քննարկենք և առաջիկայում գնանք ընկերությունները փակելու ճանապարհով, որի փորձը նույնպես աշխարհում կա»,-ասաց պատգամավորը:

Հայկ Սարգսյանը կառավարությանը սկզբում 3 տարբերակ է առաջարկել, վերջում ներկայացրել է 3-րդ տարբերակը: 

«Առաջին տարբերակ՝ օրենքով արգելել բոլոր տեսակի շահումով խաղերը, մոլախաղերը և բուքմեյքերական գործունեությունը՝ ինչպես օրինակ ԱՄԷ-ում, Կատարում, Իրանում, ԱՄՆ որոշ նահանգներում: Գործունեության արգելքը կբերի նրան, որ այս ուղղությամբ մեր քաղաքացիների կողմից ծախսվող գումարները կուղղվեն տնտեսության այլ ճյուղեր»,-ասաց Սարգսյանը:

Ըստ նրա՝ արդյունքում կշահեն և մոլախաղերով տարված քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, և տնտեսության այլ ճյուղերը, որտեղ առավել մեծ թվով գումարներ կներգրավվեն:

«Երկրորդ տարբերակը՝ աշխարհում կա նման փորձ, որ նման գործունեությամբ զբաղվող ընկերությունները բացառապես պետական ընկերություններն են: Այդ երկրներն են Սինգապուրը, Չինաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, Շվեդիան»,-ասաց Սարգսյանը:

Ըստ պատգամավորի՝ ընկերությունների համար ամենաթույլ տարբերակն է եղել 10 տոկոս շրջանառության հարկ սահմանելը: Հակված են երրորդ տարբերակով առաջ շարժվելուն: «Առայժմ գնում ենք երրորդ տարբերակով»,-նշեց նա:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում