Հունիսի 25-ից ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումները կքննարկվեն 90 աշխատանքային օրում՝ նախկին 6 ամսյա ժամկետի փոխարեն
2022 թվականի առաջին կիսամյակում նկատվել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակի կտրուկ աճ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջը:
Եթե 2021 թվականի հունվար-հունիս ամիսներին ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների քանակը կազմել է 3448 դիմում, ապա 2022 թվականի նույն ժամանակահատվածի համար այն կազմում է 9917 դիմում։
Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այս տարվա ընթացքում քաղաքացիություն ստանալու համար մոտ 200 տոկոսից ավել դիմելիությունը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանի Դաշնությունում ապրող ազգությամբ հայերի ՀՀ քաղաքացիություն և ՀՀ քաղաքացու անձնագիր ձեռք բերելու պահանջի հետ, որն իր հերթին առաջացրել է մեծաքանակ հերթեր Անձնագրային և վիզաների վարչությունում։
Չնայած այն հանգամանքին, որ Անձնագրային և վիզաների վարչության քաղաքացիության բաժինը աշխատում է գերծանրաբեռնված ռեժիմով, վարչությունն ապահովում է բոլոր դիմումատուների սպասարկումը և օրենքով սահմանված ժամկետներում ու կարգով գործերի ընթացքը։
2022 թվականի հունիսի 25-ից սկսած քաղաքացիություն ստանալու դիմումները քննարկվելու են 90 աշխատանքային օրվա ընթացքում՝ նախկինում սահմանված 6 ամսյա ժամկետի փոխարեն։
Կարծիքներ