Հնդկաստանի հյուսիսում շուրջ 100 մարդ է մահացել անոմալ տապի պատճառով
Հնդկաստանի հյուսիսում առնվազն 96 մարդ է մահացել անոմալ տապի հետևանքով: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Guardian-ի հրապարակումը։
Հրատարակության տվյալներով՝ Ուտար Պրադեշի նահանգում առավելագույն 43 աստիճան տաքություն է գրանցվել հունիսի 18-ին, իսկ հունիսի 17-ին Բիհար նահանգում գրանցվել է 44,7 աստիճան։ Իրավիճակը խորացնում է 25 տոկոս խոնավությունը։
Տեղական իշխանությունները կոչ են անում բնակչությանը, հատկապես տարեցներին, ցերեկային ժամերին մնալ տանը:
Ուտար Պրադեշի Բալլիա շրջանում վերջին երեք օրում շոգից ի հայտ եկած առողջական խնդիրներով հիվանդանոց է դիմել 300 մարդ՝ հիմնականում տարեցներ:
Ապրիլից հունիս ընկած ժամանակաշրջանը տարվա ամենաշոգ շրջանն է Հնդկաստանի մեծ մասում: Այնուհետև ջերմաստիճանը փոքր-ինչ նվազում է, երբ երկիր են գալիս սեզոնային մուսոնային անձրևները։
Կարծիքներ