Բժիշկներն ու հարբժիշկները հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

Բժիշկներն ու հարբժիշկները հանդիպում են ունեցել Հայաստանում գտնվող միջազգային փորձագետների հետ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրման ծրագրի» շրջանակում այսօր կազմակերպել է բժիշկների և հարբժիշկների հանդիպումը՝ SOCIEUX+ ծրագրով Հայաստանում գտնվող միջազգային փորձագետներ Ստատիս Տրիանտաֆիլուի և Լորան Մերիադի հետ։

Հանդիպման շրջանակում մասնակիցները հնարավորություն են ունեցել քննարկել ՖՄԴ հաշմանդամության գնահատման կենտրոնի նպատակին ու գործունեությանը, գնահատման իրականացմանն անհրաժեշտ գործիքակազմին և անձի ֆունկցիոնալության գնահատման համար պահանջվող արձանագրություններին վերաբերող մի շարք մանրամասներ։ Վերջիններիս անհրաժեշտ տեղեկատվություն է տրամադրվել նաև կենտրոնի ինդիկատիվ սարքավորումների, ֆունկցիոնալ գնահատման ինդիկատիվ դրույթների, ինչպես նաև ՖՄԴ գնահատման նորարարական մի շարք ասպեկտների վերաբերյալ։

Դասընթացին ներկա է գտնվել նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը։ Ընդգծելով հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության ճշգրիտ գնահատման և այս գործում որակյալ մասնագետների ներգրավման կարևորությունը՝ նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ համատեղ ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս բարդ գործընթացը կազմակերպել պատշաճ կերպով։

Տաթևիկ Ստեփանյանի խոսքով՝ սա հնարավորություն կտա հետևել 100-ից ավելի երկրների օրինակին, որոնք վերոնշյալ գործընթացը կազմակերպում են առավել արդյունավետ եղանակով։ Նա շեշտել է, որ պետք է անցնել միասնական թեստերի ձեռքբերման, վալիդացման ու գնահատման համակարգի՝ ունենալով նաև միջազգային չափորոշիչներից բխող պայմաններ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում