Ճապոնիայի նոր վարչապետը մտադիր է աշխատել ՌԴ հետ հաշտության համաձայնագրի վրա
Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան խորհրդարանի՝ հոկտեմբերի 8-ին բացված նստաշրջանում իր ծրագրային ճառի ընթացքում վերստին հաստատել է, որ միտված Է աշխատանք տանելու Ռուսաստանի հետ տարածքային հարցի լուծման և հաշտության համաձայնագրի կնքման ուղղությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Ելույթի հեռարձակումն իրականացվել է Ներկայացուցիչների պալատի կայքում:
«Ես նպատակ ունեմ շարունակել համալիր ձևով աշխատել հարաբերությունների վրա՝ Ռուսաստանի հետ Հյուսիսային տարածքների (Ճապոնիայում այսպես են անվանում հարավկուրիլյան շղթայի չորս կղզիները) հարցի լուծման և հաշտության համաձայնագրի կնքման նպատակով»,-նշել է Կիսիդան, դրա հետ մեկտեղ ընդգծելով, որ «առանց տարածքային հարցի լուծման չի կարող լինել հաշտության համաձայնագիր»:
Նախօրյակին տեղի է ունեցել Ճապոնիայի և Ռուսաստանի ղեկավարների զրույցը, որի ընթացքում կողմերը հաստատել են, որ առաջընթացի են ձգտում կողմերի միջեւ ձեռք բերված համաձայնությունների, այդ թվում՝ 2018 թվականի համաձայնությունների հիման վրա հաշտության համաձայնագրի կնքման շուրջ բանակցություններում: Ֆումիո Կիսիդան, որը հաղթանակ է տարել սեպտեմբերի 29-ին անցկացված կուսակցական ընտրություններում, հոկտեմբերի 4-ին դարձել է Ճապոնիայի 100-րդ վարչապետը: Ճապոնիան հավակնում է հարավկուրիլյան շղթայի չորս՝ Կունաշիր, Շիկոտան, Իտուրուպ և Հաբոմայի կղզիներին՝ վկայակոչելով 1855 թվականի Առևտրի և սահմանների մասին երկկողմ պայմանագիրը:
1956 թվականին ԽՍՀՄ-ը և Ճապոնիան Համատեղ հռչակագիր են ստորագրել, որում Մոսկվան համաձայնել Է Հաբոմայի և Շիկոտանա կղզիները հանձնելու հնարավորությունը քննարկել հաշտություն կնքելուց հետո, Կունաշիրի և Իտուրուպի ճակատագրի հարցը չի շոշափվել: ԽՍՀՄ-ը հույս ուներ, որ փաստաթուղթը վերջակետ կդնի վեճին, իսկ Ճապոնիան դրանում տեսավ միայն խնդրի լուծման մի մասը՝ չհրաժարվելով բոլոր կղզիների նկատմամբ պահանջներից: Հետագա բանակցությունները ոչ մի բանի չհանգեցրեցին, հաշտության համաձայնագիրը Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո այդպես էլ չստորագրվեց: Մոսկվայի դիրքորոշումն այն է, որ Հարավային Կուրիլները ԽՍՀՄ-ի կազմի մեջ են մտել Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով և դրանց նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, որն ունի համապատասխան միջազգային-իրավական ձևակերպում, կասկածից վեր է:
Կարծիքներ