Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը

Հայաստանը բարելավել է դիրքերը մամուլի ազատության ցուցանիշով. RSF զեկույցը

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) կազմակերպությունը հրապարակել է «Մամուլի ազատության ինդեքս 2023» զեկույցը, որը գնահատում է լրագրողների աշխատանքային պայմաններն աշխարհի 180 երկրում:

Այն հրապարակվել է այսօր՝ մայիսի 3-ին, Մամուլի ազատության համաշխարհային օրը։

Հայաստանը, ըստ զեկույցի, այս տարի 2 աստիճանով բարելավել է դիրքերն ու հայտնվել 49-րդ հորիզոնականում։ Նախորդ տարի զբաղեցնում էր 51-րդ հորիզոնականը։

ՀՀ-ն դասվել է «բավականին լավ» իրավիճակ ունեցող երկրների շարքին:

Նշվում է, որ, չնայած բազմակարծության միջավայրին, երկիրը բախվում է ապատեղեկատվության և ատելության խոսքի աննախադեպ մակարդակի, հատկապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի տարածքային վեճի առնչությամբ։

Այնուամենայնիվ, խոսքի ազատության մակարդակով Հարավային Կովկասում Հայաստանը նախորդ տարվա նման առաջատար է:

Վրաստանն այս տարվա զեկույցում 77-րդ տեղում է, Թուրքիան՝ 165-րդ, Ադրբեջանը՝ 151-րդ, Իրանը՝ 177-րդ հորիզոնականում:

Հայաստանի հիմնական լրատվական աղբյուրներ՝ սոցիալական ցանցեր, ամեն օր մուտք է գործում ՀՀ բնակչության երկու երրորդը։

Նշվում է նաև, որ Հայաստանում կան մամուլին առնչվող մի շարք խնդիրներ. ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը բավարար չափով չի պաշտպանում մամուլի ազատությունը և չի հետևում եվրոպական չափանիշներին:

Զեկույցում անդրադարձ է կատարվում նաև հայ-ադրբեջանական սահմանային բախումներին և Լաչինի միջանցքի արգելափակմանը ու նշվում, որ այս հանգամանքները բարդացնում են լրագրողների աշխատանքը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում