Բարու և չարի հավասարակշռությունը պահող կերպարը պատրաստ է զարմացնելուն (լուսանկարներ)

Բարու և չարի հավասարակշռությունը պահող կերպարը պատրաստ է զարմացնելուն (լուսանկարներ)

Դեկտեմբերի 30-ին՝ Սինեմա Սթարում, տեղի է ունեցել առաջին «Վիշապ» կոմիքսի շնորհանդեսը:

Բարու և չարի հավասարակշռությունը պահող կերպարը պատրաստ է զարմացնելուն։ Հետաքրքիր իրավիճակներ, անսպասելի լուծումներ: Այս ամենը խոստանում է  «Վիշապ» անունով հայ առաջին սուպերհերոսի մասին պատմող կոմիքսի ստեղծագործական խումբը:

 Այսուհետև հայկական առաջին սուպերհերոսի մասին կոմիքսը կարելի է ձեռք բերել բոլոր գրախանութներում:

«Վիշապը մեզանից մեկն է, նրա խնդիրները մեզ խորթ չեն, հենց այս ամենի շնորհիվ էլ կարծում եմ, որ նա կսիրվի: Կոմիքսը վաճառվում  է 1800 դրամով, այսօր մենք անակնկալ ենք պատրաստել շնորհանդեսի մասնակիցների համար՝ 20% զեղչով վաճառելով կոմիքսը: Կոմիքսի սիրահարները լավ գիտեն, որ այս ձևաչափը  շարունակական է լինում, այս թողարկումը կոչվում է «Տուրբո կնոջ հարձակումը», պատմությունն ավարտուն է, սակայն այլ զարգացումները կլինեն հետագա թողարկումներում, սակայն դեռ ժամկետներ չենք կարող նշել»,- մեզ հետ զրույցում ասաց «Վիշապի» գործադիր պրոդյուսեր Դավիթ Միրոյանը:

Նշենք, որ «Վիշապի» պրոդյուսերներն են Ռուբեն Ջաղինյանը և Արման Միտոյանը, կոմիքսի հեղինակը Նարեկ Մարգարյանն է, նկարիչը՝ Անդրանիկ Ասատրյանը:

Ստեղծագործական թիմը հույս է հայտնում, որ սուպերհերոսը կհետաքրքրի երեխաներին, քանի որ նրա խնդիրները նման են մեր խնդիրներին, իսկ գործողությունները տեղի են ունենում Երևանում.

«Երեխաները կարդալիս հասկանալու են, որ սուպերհերոսը մեզանից մեկն է, ապրում է Երևանում, գործողությունները, արկածները տեղի են ունենում մեր հարազատ քաղաքում, օրինակ՝  Կասկադում, սուպերհերոսի խնդիրները նույնպես վերցված են մեր կյանքից, ոչ թե Սարդ-մարդու խնդիներն են»,-ասաց Նարեկ Մարգարյանը:

Հավելենք, որ «Վիշապ» կոմիքսի գլխավոր հերոսը Հայկն է:  Նրա կյանքում պարբերաբար տեղի են ունենում իրադարձություններ, որոնց հետևանքով ինքն իրեն դժբախտ է համարում: Այդ դժվարություններին դիմակայելու հարցում նրան օգնում է մտերիմ ընկերը՝ Գոռը, ով ունի հենաշարժողական խնդիրներ և տեղաշարժվում է սայլակով:

Կոմիքսի պրոդյուսերական թիմի մտահղացմամբ՝ հենաշարժողական խնդիրների միջոցով հստակ մեսիջ են հղում երեխաներին, որ չնայած որոշակի սահմանափակումներ ունենալուն՝ կարելի է ապրել լիարժեք կյանքով:

 

 

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում