Ադրբեջանի ու Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական կապերը
Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը կիրակի օրը՝ օգոստոսի 27-ին, ընդունել է այցով Բաքվում գտնվող Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Յաշար Գյուլերին։
Երկրի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ սկզբում ՊՆ-ում տեղի է ունեցել դիմավորման հանդիսավոր արարողություն, երկու երկրների նախարարները շրջել են պատվո պահակախմբի մոտով, նվագախումբը կատարել է Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգերը։
Դիմավորման արարողությունից հետո պաշտպանության նախարարը և գերատեսչության ղեկավար այլ պաշտոնյաներ հանդիպել են թուրքական պատվիրակության հետ։
Զաքիր Հասանովը, նշելով, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմական համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ընդգծել է այս ուղղությամբ տարվող աշխատանքների շարունակման կարևորությունը։
Գոհունակություն հայտնելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարի պաշտոնում Ադրբեջան կատարած իր առաջին պաշտոնական այցի կապակցությամբ՝ Յաշար Գյուլերը շնորհակալություն է հայտնել հյուրընկալության համար և նշել, որ երկու երկրների ռազմավարական դաշինքը հիմնված է բարեկամության և եղբայրական հարաբերությունների վրա։
Հանդիպմանը քննարկվել են երկրների միջև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Կարծիքներ