Կոմունիստների ժամանակ էին ասում, թե դատավորը անպայման պետք է ամուսնացած լինի. Դատավորը՝ Ջհանգիրյանի հայտարարության մասին
ԱԺ-ում ելույթի ժամանակ ԲԴԽ անդամի թեկնածու Գագիկ Ջհանգիրյանը հայտարարեց, թե «չամուսնացած դատավորները լուծում են ամուսնալուծության հարցեր, ոչ գիտեն՝ սկեսուրն ով է, ոչ գիտեն սկեսրայրն ով է…»։
Փորձեցինք չամուսնացած դատավորներից հետաքրքրվել՝ ինչ դժվարություններ են ունենում ամուսնալուծության գործեր քննելիս, արդյոք սկեսուր, սկեսրարին չիմանալը խանգարո՞ւմ է մասնագիտական աշխատանքին։
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լիզա Գրիգորյանը Armdaily.am-ի հետ զրույցում ասաց, որ կոմունիստների ժամանակ այդ արտահայտությունը տարածում է ունեցել, ասում էին՝ դատավորը անպայման պետք է ամուսնացած լինի, որպեսզի ընտանեկան կյանքի փորձառությունը ունենա։ «Երեւի պարոն Ջհանգիրյանը այն ժամանակվա բաներն է հիշել, որովհետեւ դատավորների նշանակման հետ կապված առնչություն ունեցել է ի պաշտոնե։ Ժամանակի ընթացքում այդ միտքը անիմաստ է դարձել, լավ է, որ ընտանեկան կյանքի փորձառություն ունենա, բայց հիմա հարաբերությունները այնքան են բարդացել, որ միայն ընտանեկան կյանքի փորձառությամբ չես կարող գործեր լսել։ Դա գեղարվեստական ներկայացնելու, մարդկանց ուշադրությունը հրավիրելու, հետաքրքիր մի բան ասելու համար էր, մասնագիտական առումով դա այնքան էլ կարեւոր չէ, չամուսնացած լինելը չի խանգարում, իսկ ընտանեկան հարցեր լսելուց սկեսրայր, սկեսուր չեն լսում, այլապես ընտանեկան վեճը կտեղափոխվւ դատական նիստերի դահլիճ, որը ցանկալի չէ։ Ավելին՝ չամուսնացած լինելը օգնում է ավելի շատ, քանի որ առանց անձնական կանխակալության է վերաբերում գործին, հավասար է դիտում կնոջ, տղամարդու իրավունքները, երբ ամուսնացած չես, փորձում ես խնդրին իրավական ետսակետից նայել եւ երեխաների շահերից, ոչ թե ծնողների»։
Դիտարկմանը, թե նույն ձեւ կարող ենք պնդել, որ սպանության կամ ավազակային հարձակման գործեր քննելիս դատավորը կյանքում գեթ մեկ անգամ պետք մասնակցած լինի նման դեպքերի, դատավորն ասաց, որ չես կարող ասել, որ պետք է անպայման ինչ-որ բանի փորձառություն ունենալ, որ կարողանա այդ հարցը լուծել
«Մարդկանց գրավելու համար է ասել պարոն Ջհանգիրյանը։ Գուցե նա նկատի ունի կյանքի փորձառությունը, բայց կյանքի փորձառությունը միայն ամուսնացած լինելով չէ, դա տարիքն է, որոշակի մասնագիտական ճանապարհ անցնելն է։ Շեշտը պետք է դնել մարդու արժանիքների վրա, ոչ թե ամուսնացած-չամուսնացած լինելու, ամուսնացած կարող է լինել 18 տարեկանը, բայց չենք կարող ասել, որ 18 տարեկանը կարող է ընտանեկան հարցեր լուծել»։
Կարծիքներ