Գյումրու Գործարանային 2 Ա շենքից կինը հոսպիտալացվել է. Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է նշված հասցե
Այսօր սոցիալական ցանցերում տարածված տեսանյութի հետքերով`մոտ մեկ ժամ առաջ, Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանն այցելել է Բուլվարային թաղամասի Գործարանային 2 Ա շենքի միայնակ կնոջ բնակարան: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացնում է մարզպետը:
Նշենք, որ «Շիրակ կենտրոն» հկ նախագահ Վահան Թումասյանն ավելի վաղ գրառում էր կատարել և տեղեկացրել, որ նշված հասցեում է գտնվում անբուժելի հիվանդ կին, որը -23 աստիճան ցրտի պայմաններում գոյատևում է առանց վառելիքի: «Ամբողջ քաղաքում հուսամ մի մարդ կգտնվի, որ գնա օգնի: Մենք հիմա գյուղերում ենք, վաղը միայն կարող ենք նրան այցելել»,-գրել էր Թումասյանը:
Շիրակի մարզպետի գրառման համաձայն, իրավիճակից ելնելով վերջինս քիչ առաջ արագ հոսպիտալացվել է «Գյումրի» ԲԿ և գտնվում է բժիշկների հսկողության տակ: Նազելի Բաղդասարյանի գրառման մեջ նաև ասված է.
«Վաղն առավոտյան կիրականացվեն անհրաժեշտ հետազոտություններ, կարիքի դեպքում Արմինեն կանցնի բուժօգնության ամբողջական կուրս: Արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի հետ, առաջիկայում համատեղ ջանքերով կփորձենք լուծել կնոջ կեցության հարցը: Պետության և հոգացավ հանրության ջանքերը մեկտեղելով՝ մենք յուրաքանչյուր օր կարող ենք փրկել կյանքեր»:
Կարծիքներ