«Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ». Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
«Սահմանային հանձնաժողովները ղեկավարող փոխվարչապետները համաձայնվել են սկսել սահմանազատման գործընթացը՝ հիմք ունենալով Ալմա-Աթայի՝ 1991թ. հռչակագիրը, և աշխարհի բազմաթիվ երկրներ ու կազմակերպություններ, այդ թվում՝ ԵԱՀԿ-ն, ողջունել են այս երկկողմ համաձայնությունը»։
Այս մասին ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության արտաքին ու եվրոպական հարցերի և առևտրի նախարար Իեն Բորջի հետ Երևանում համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանն անդրադարձավ նաև, լրագրողի դիտարկամամբ, «փորձառու» դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարություններին, որոնք Բագրատ Գալստանյանի հանրահավաքի ժամանակ ներկայացրել էին, թե ինչպես են պատկերացնում ժամանակավոր կառավարության ստեղծման դեպքում անվտանգային և այլ խնդիրների լուծումները:
«Ջանքեր եմ գործադրում՝ չանցնելու քաղաքական բանավեճի բարեկրթության սահմանները, բայց ուղղակի հիմա մի երկու չոր փաստ չարձանագրել չեմ կարող։ Ձեր նշած «փորձառու» դիվանագետները հավանաբար այն դասալիքներն էին, որոնք լքեցին պաշտոնները, իրենց բաժին հասած խրամատը բառացիորեն այն օրերին, երբ երկրի սուվերեն տարածքի վրա տեղի էր ունենում ռազմական ագրեսիա։ Այս փաստի հիշատակումից հետո որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց, նրանց դիրքորոշումների նկատմամբ, չեմ կարող ունենալ։ Սա ամենամեղմ գնահատականն է, որ կարող եմ հնչեցնել։ Բայց իրականությունն ավելի վատ է. ականահարելով Ալմա-Աթայի հռչակագիրը և դրա հիման վրա խաղաղության գործընթացը՝ այդ մարդիկ շարունակում են (վստահ չեմ կարող պնդել՝ գիտակցաբար, թե ակամա), բայց ականահարել Հայաստանի ինքնիշխանությունը, պետականությունը, տարածքային ամբողջականությունը։ Լավագույն մեկնաբանությամբ՝ չգիտակցելով, վատագույն մեկնաբանությամբ՝ այլ երկրի ուղղակի թելադրանքով»,- ընդգծեց Միրզոյանը:
Կարծիքներ