Արգենտինայում կոկաինի թունավորումից 20 մարդ է մահացել

Արգենտինայում կոկաինի թունավորումից 20 մարդ է մահացել

Բուենոս Այրեսի արվարձաններում կոկաինի թունավորման հետևանքով առնվազն 20 մարդ մահացել է, 74-ը՝ հոսպիտալացվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է Todo Noticias հեռուստաալիքը ։ Ավելի վաղ հաղորդվում էր 12 զոհի մասին։

 Իշխանությունները զգուշացնում են, որ զոհերի թիվը կարող է աճել։

Ավելի վաղ Բուենոս Այրեսի նահանգի առողջապահության նախարարությունը նախազգուշացում էր տվել այն քաղաքապետարանների բժշկական հաստատություններին, որտեղ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել են կոկաինի թունավորման դեպքեր։ Գերատեսչության հաղորդագրության մեջ ասվում է, որ ծանր վիճակում գտնվող մարդիկ շարունակում են հոսպիտալացվել։

Նախնական տվյալներով՝ բոլոր թունավորվածները թմրանյութ են գնել մոտավորապես նույն վայրից։ Նահանգի անվտանգության նախարար Սերջիո Բերնին ասել է, որ կոկաինը, ամենայն հավանականությամբ, նոսրացված է մեկ այլ նյութով, ինչը խառնուրդը շատ ավելի թունավոր է դարձնում, և կոչ է արել բոլորին, ովքեր «վերջին 24 ժամվա ընթացքում թմրանյութեր են գնել», դեն նետել դրանք: Դատախազությունը դիտարկում է կոկաինին թույնի միտումնավոր ավելացման վարկածը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ կարելի է խոսել թմրավաճառների երկու բանդաների առճակատման մասին։


Մինչ այժմ ձերբակալվել է 10 մարդ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում