Եվրո-2020-ի կիսաեզրափակիչի Իտալիա-Իսպանիա խաղից առաջ

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունում մեկնարկում են կիսաեզրափակիչի հանդիպումները:
Առաջին կիսաեզրափակիչում կմրցեն մրցաշարի հիմնական ֆավորիտները` Իսպանիան և Իտալիան: Երկու հավաքականներից Իտալիան հաղթանակ է տարել վերջին 6 խաղերում, իսկ Իսպանիան` նախորդ 6 խաղերից երեքն ավարտել է ոչ-ոքի և միայն երեքում առավելության հասել:
Հանդիպումից առաջ երկու մարզիչներն առավել զուսպ են արտահայտվել առաջիկա խաղի մասին: Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի կարծիքով, կիսաեզրափակիչ այս խաղում երկու թիմերը չեն կարող գերիշխող դիրք ունենալ խաղադաշտում: «Իտալիան շատ լավ ֆուտբոլիստներ ունի, որով էլ հրաշալի թիմ է: Նրանք թե հարձակվում և թե պաշտպանվում են ամբողջ թիմով»,- ասել է մասնագետը:
Իտալիայի ազգային թիմի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին «կարմիր ֆուրիայի» դեմ խաղը հեշտ չի համարում. «Այս հանդիպումը տարբերվելու է մեր մյուս խաղերից: Իսպանիան երկար տարիներ գերիշխող դիրք ունի, իսկ հիմա նաև նոր սերունդ ունի»,-ասել է նա:
Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ առաջին հանդիպումը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: Այն կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Կարծիքներ