ԱՀ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի սահմանափակումները
Արցախի Հանրապետության նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը առաջարկում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները:
«Ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Արցախի Հանրապետությունում, հասարակության տնտեսական հարաբերությունների հիմքում ընկած է սեփականությունը: Այդ է պատճառը, որ Արցախի Հանրապետության Սահմանադրության «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությամբ 1-ին գլխի 10-րդ հոդվածով սահմանվում է, որ Արցախի Հանրապետությունում ճանաչվում և հավասարապես պաշտպանվում են սեփականության բոլոր ձևերը:
Միաժամանակ, հենվելով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայի վրա, Արցախի Հանրապետության Սահմանադրությունը սահմանում է, որ յուրաքանչյուր ոք ունի օրինական հիմքով ձեռք բերած սեփականությունն իր հայեցողությամբ տիրապետելու, օգտագործելու և տնօրինելու իրավունք: Ընդ որում, սեփականության իրավունքը բացարձակ իրավունք չէ: Այն ենթակա է որոշակի սահմանափակումների: Այսպես, յուրաքանչյուր անձի սեփականության իրավունքն ամրագրելու հետ մեկտեղ Արցախի Հանրապետության Սահմանադրությունը նախատեսում է, որ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի», - նշված է նախագծում:
Ելնելով Արցախի Հանրապետության անվտանգության նկատառումներից՝ առաջարկվում է վերանայել սեփականության իրավունքի՝ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ նախատեսված սահմանափակումները, մասնավորապես, ամրագրելով հետևյալ կարգավորումը. «Անշարժ գույքի նկատմամբ, այդ թվում՝ հողի սեփականության իրավունքից չեն օգտվում օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք՝ բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի»:
Կարծիքներ