Միհրան Պողոսյանի թիկնապահն ու վարորդն օժանդակել են շուրջ 44 մլն ՀՀ դրամի հափշտակություն կատարելուն. նախաքննությունն ավարտվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ նախկին գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանի թիկնապահ Է. Ս.-ն ու վարորդ Հ. Բ.-ն օժանդակել են Մ. Պ.-ի կողմից վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից առանձնապես խոշոր չափերով՝ շուրջ 44 մլն ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելուն:
Ինչպես տեղեկանում ենք Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությունից, նախաքննությամբ պարզվել է, որ Մ.Պ.-ն իր անձնական թիկնապահ Է. Ս.-ին (2008 թվականի սեպտեմբերից մինչև 2016 թվականի ապրիլ) նշանակել է Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության հարկադիր կատարման օպերատիվ բաժնի առաջին կարգի խորհրդատու, իսկ անձնական վարորդ Հ. Բ.-ին (2009 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2016 թվականի ապրիլ)՝ նույն բաժնի առաջատար խորհրդատու, սակայն նրանց հանձնարարել է օրենքով սահմանված իրենց լիազորությունների իրականացման փոխարեն ապահովել իր անձնական անվտանգությունը: Այսինքն՝ Է. Ս.-ն և Հ. Բ.-ն օպերատիվ բաժնում փաստացի աշխատանքի չեն հաճախել, այլ մշտապես ուղեկցել են նախկին գլխավոր հարկադիր կատարող Մ. Պ.-ին, կատարել նրա անձնական բնույթի հանձնարարությունները և առանց համապատասխան պաշտոնից բխող գործառութային պարտականությունները կատարելու՝ ՀՀ պետական բյուջեից ստացել են աշխատավարձ ու դրան հավասարեցված վճարումներ:
Արդյունքում Մ. Պ.-ն, պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով պետական բյուջեի միջոցներից Է. Ս.-ի դեպքում հափշտակել է ընդհանուր 22.117.820 ՀՀ դրամ, իսկ Հ. Բ.-ի դեպքում՝ 21.754.643 ՀՀ դրամ:
Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Հ. Բ.-ին և Է. Ս.-ին մեղադրանք է ներկայացվել ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Կարծիքներ