Պուտինը կասետային զինամթերքի օգտագործումը «հանցագործություն» է անվանել

Պուտինը կասետային զինամթերքի օգտագործումը «հանցագործություն» է անվանել

ԱՄՆ-ն ինքը նախկինում կասետային զինամթերքի օգտագործումը որակել էր հանցագործություն, և այսպես պետք է վերաբերվել դրան, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինի հետ հարցազրույցում:

«Ինչ վերաբերում է կասետային զինամթերքին, ապա ԱՄՆ վարչակազմն ինքը որոշ ժամանակ առաջ իր աշխատակիցների բերանով գնահատական տվեց այդ զինամթերքին: Երբ կասետային զինամթերքի օգտագործումը հենց ԱՄՆ վարչակազմի կողմից որակվեց որպես հանցագործություն, կարծում եմ, դա ճիշտ էր, այդպես էլ պետք է լիներ»,- ասել է Պուտինը։

Հինգշաբթի օրը ԱՄՆ-ի միացյալ շտաբի օպերացիոն տնօրեն Դուգլաս Սիմսը  ճեպազրույցում ասել էր, որ Ուկրաինան կասետային զինամթերք է ստացել ոչ միայն ԱՄՆ-ից, այլև այլ երկրներից։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հուլիսի 7-ին հայտարարել է Կիևի ռեժիմին կասետային զինամթերքի մատակարարումները սկսելու իր որոշման մասին։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ընդգծել է, որ նման մատակարարումները վտանգում են խաղաղ բնակիչներին և ուղղված են ճգնաժամի երկարացմանը։

Ուկրաինայի զինված ուժերը, ըստ ռուս զինվորականների, արդեն իսկ օգտագործել են կասետային զինամթերք Դոնբասի, մասնավորապես Դոնեցկի հրթիռակոծման համար։ ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնաշենկովի խոսքով՝ դա թույլ է տալիս ենթադրել, որ ուկրաինական զորքերի խնդիրն առավելագույն թվով խաղաղ բնակիչների սպանությունն է։

Ռուսաստանը նոտա է հղել ՆԱՏՕ-ի երկրներին Ուկրաինային զենք մատակարարելու պատճառով. ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի համար զենք պարունակող ցանկացած բեռ Ռուսաստանի համար օրինական թիրախ կդառնա։ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները «կրակի հետ են խաղում»՝ զենք մատակարարելով Ուկրաինային։ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն ներգրավված են Ուկրաինայի հակամարտության մեջ՝ «ներառյալ ոչ միայն զենքի մատակարարումը, այլև անձնակազմի պատրաստումը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում»։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ուկրաինա Արևմուտքից զենք մղելը չի նպաստում ռուս-ուկրաինական բանակցությունների հաջողությանը և բացասական ազդեցություն կունենա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում