Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակմանը

Աննա Հակոբյանը ներկա է եղել «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակմանը

Գաֆէսճյան արվեստի կենտրոնի տարածքում տեղի է ունեցել արդեն երրորդ անգամ կազմակերպվող «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի փակումը․ որին մասնակցել է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը:

Այս մասին տեղեկացնում է Աննա Հակոբյանի պաշտոնական կայքը։

Վարչապետի տիկնոջը դիմավորել են ԿԳՄՍՆ փոխնախարար Արայիկ Խզմալյանն ու արտ-փառատոնի կազմակերպիչ Նաիրա Սարգսյանը: Վերջինս Աննա Հակոբյանին տեղեկացրել է, որ մասնագիտական փորձի փոխանակման նպատակով հրավիրել են մասնագետներ Ռուսաստանից, Գերմանիայից և Հորդանանից, որպեսզի հայ մասնագետներն ու ծնողները հնարավորություն ունենան ծանոթանալու այլ երկրների առաջատար գիտահետազոտական աշխատանքներին: Այդ նպատակով կազմակերպվել են սեմինարներ ու վարպետության դասեր:

Բացել բոլոր դռները զարգացման տարբեր առանձնահատկություններով երեխաների և դեռահասների առջև, հավասար հնարավորություններ ընձեռել նրանց սովորելու, ստեղծագործելու, երազանքներ ձևավորելու և նյութականացնելու․ սա է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ-փառատոնի նպատակն է, որն անցկացվում է ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, ՀՀ ԿԳՄՍՆ աջակցությամբ և «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

Նաիրա Սարգսյանը, բեմ հրավիրելով վարչապետի տիկնոջը, շնորհակալություն է հայտնել մշտապես փառատոնի կողքին լինելու և իրենց աջակցելու համար:

Ընդունելով շնորհակալությունը՝ տիկին Հակոբյանը խոստացել է, որ այն շարունակական բնույթ է կրելու:
«Կողք կողքի» առաջին երկու փառատոներն անցկացվել են 2019 և 2021 թվականներին։ Այս տարի փառատոնն ընդլայնել է աշխարհագրությունը՝ դառնալով միջազգային և գաղափարի շուրջ համախմբել է նաև անվանի արվեստագետների, ներառական ոլորտի մասնագետների։

Փառատոնի փակման արարողության գալա համերգի ընթացքում անվանի երաժիշտների ու երգիչների հետ նույն բեմում, կողք կողքի հանդես գալու առիթ են ունեցել նաև փառատոնի պատանի մասնակիցները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում