Ստամբուլի քաղաքապետը կարող է մինչև 2 տարվա ազատազրկման դատապարտվել
Թուրքիայում տեղի են ունեցել Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուի գործով դատական լսումները, վերջինիս մեղադրանք է առաջադրվել թուրքական Օրդու նահանգի նախկին նահանգապետ Սեդդար Յավուզին վիրավորելու համար: Այս մասին տեղեկացնում է sozcu.com.tr կայքը:
Իմամօղլուի մեղադրանքի մեջ նշվում է, որ անցյալ տարվա հունիսի 5-ին Ստամբուլ վերադառնալիս օդանավակայանում տեղի ունեցած վեճի ժամանակ քաղաքապետը վիրավորել է նահանգապետին, նահանգապետարանն էլ իր հերթին դատական հայց է ներկայացրել:
Իմամօղլուի փաստաբանները նշել են, որ քաղաքապետը վերադառնալիս է եղել հանրահավաքից, նրա ձայնը կտրված է եղել, ինչի պատճառով էլ նրա բառերը սխալ են հասկացվել:
Մեղադրող կողմը պնդում է, որ Իմամօղլուն բարձրաձայնել է «նահանգապետը շանտղություն է արել» (Vali itlik yapmıştır) արտահայտությունը, պաշտպանական կողմն էլ իր հերթին հակադարձել է, որ քաղաքապետը բարձրաձայնել է «Նահանգապետը մանրացել է» (Vali Basitlik yapmıştır) արտահայտությունը, սակայն ձայնի խզվածության պատճառով Basitlik բառի առաջին վանկը չի լսվել:
Դատախազությունը 6 ամսից մինչև 2 տարի ազատազրկում է պահանջել Իմամօղլուի համար։ Պաշտպանական կողմի պահանջով նիստը հետաձգվել է։
Կարծիքներ