Հրապարակվել են գաղտնի նամակներ Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից. Հետք
«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված էր հրապարակել ամերիկյան «Politico» թերթը:
Հունիսի 13-ին «Politico»-ն գրել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսը գաղտնի զենք է վաճառել Ադրբեջանին: Ամերիկյան լրատվամիջոցի տրամադրության տակ էին հայտնվել մեկ տասնյակից ավելի նամակներ, դիվանագիտական նոտաներ, վաճառքի հաշիվ-ապրանքագրեր, արտահանման փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին:
«Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մեջ ու ԱԹՍ-ների համար կիրառվող նոր սարքավորումների առաքում»,- հայտնել էր «Politico»-ն:
Բացի դրանից՝ փաստաթղթերում առկա են զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին: Արտահոսել է նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի պետական մարմինների միջեւ նամակագրությունը «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:
Դիվանագիտական մի նամակագրության մեջ էլ ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղացել «Ադրբեջանի դեօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ [դեպի Ադրբեջան] բելառուսական ապրանքների ու ծառայությունների արտահանման» մեջ:
Ըստ «Politico»-ի՝ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը 2018-2022 թթ. Ադրբեջանին առաջատար ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ, ինչը վերջինիս առավելություն է տվել վերջին շրջանի հաջորդական պատերազմներում, Հայաստանի կողմից դիտարկվելու է որպես դառը դավաճանություն:
Նամակ Ադրբեջանի ռազմական հետախուզության պետին
«Հետքի» գործընկերներից մեկը տրամադրել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով:
Դրանցից մեկը 2017 թ. դեկտեմբերի 22-ին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկության (Государственное внешнеторговое унитарное предпиятие «Белспецвнештехника») գլխավոր հաշվապահի տեղակալ Ե. Դավիդովիչի նամակն է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հիլալ Նաջաֆովին:
«Բելսպեցվնեշտեխնիկան», ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ Դավիդովիչը ադրբեջանցի պաշտոնյային է փոխանցել «Բելսպեցվնեշտեխնիկայի» նոր բանկային ռեկվիզիտները՝ համագործակցության մասով փոխադարձ հաշվարկներ կատարելու համար:
Սպառազինության վերանորոգման եւ սպասարկման համալիր կենտրոն՝ բելառուսներից
2018 թ. նոյեմբերի 13-ին «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա. Գրիննիկը նամակ է գրել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Գոմելի ռադիոգործարան» ԲԲԸ-ի (ОАО «Гомельский радиозавод») այդ ժամանակվա տնօրեն Ալեքսանդր Գորբաչին:
Նկատի ունենալով Ադրբեջանին՝ Գրիննիկը հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դիտարկել է «Բելսպեցվնեշտեխնիկայի» նախագծային առաջարկը պատվիրատուի տարածքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Պայմանագրի նախագիծ կազմելու համար Գրիննիկը Գորբաչին առաջարկել է իրենց ուղարկել տեխնիկական-կոմերցիոն առաջարկ:
Նամակին կից ներկայացվել են Ադրբեջանի ՊՆ-ի դիտարկումները «Բելսպեցվնեշտեխնիկայի» առաջարկի վերաբերյալ: Ըստ ադրբեջանական կողմի՝ նախատեսվող համալիր կենտրոնը 1 տարվա ընթացքում պետք է կարողանա վերանորոգել հրթիռահրետանային սպառազինության ամենատարբեր միջոցներ (խաղաղ ժամանակ եւ «հատուկ ժամանակահատվածում» թվերը տարբեր են, տարբեր են նաեւ միջին ու կապիտալ վերանորոգման պոտենցիալի ցուցանիշները):
Այդ միջոցները ներառում են թնդանոթներ եւ հաուբիցներ, ականանետներ, ինքնագնաց հրետանի, ինքնագնաց ականանետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, ղեկավարման մեքենաներ, հետախուզության եւ դիտարկման համակարգեր, հրաձգային զենք, մերձամարտի միջոցներ, զենիթային կայանքներ, տանկային սպառազինություն:
Կարծիքներ