36-ամյա տղամարդու սպանության կասկածանքով ձերբակալվել են ընկերուհին, վերջինիս մայրն ու եղբայրը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում իրականացվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի սպանության բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
«Դեպքի վերաբերյալ ահազանգը ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնում ստացվել է 2021թ. նոյեմբերի 8-ին, ժամը 00:40-ի սահմաններում, որով քաղաքացին տեղեկացրել է իրենց տան վրա դանակով հարձակման մասին: Նշված առանձնատան խոհանոցում հայտնաբերվել է Կոտայքի մարզի 36-ամյա բնակչի դիակը՝ գլխի և մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: Դեպքի վայրից հայտնաբերվել և վերցվել է 6 հատ դանակ՝ արնանման հետքերով»,- հայտնում են Քննչական կոմիտեից:
Ձեռնարկված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, նրանցից մեկը տուժողի ընկերուհին է, մյուս երկուսը՝ վերջինիս մայրն ու եղբայրը:
Նշված երեք անձինք ձերբակալվել են՝ հիշյալ 36-ամյա տղամարդուն խմբի կողմից դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու կասկածանքով:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Կարծիքներ