Ալիևը ԵՄ ներկայացուցչի հետ քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման ու սահմանների դելիմիտացիայի հարցերը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ «Հանդիպման ընթացքում Ալիևն ընդգծել է Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև հարաբերությունների հաջող զարգացումը, նշել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի դրական դերն այդ գործընթացում, ինչպես նաև նրա ներդրումը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործում»,-ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։ Ալիևը նաև կարևորել է դեկտեմբերին Շառլ Միշելի նախաձեռնությամբ ՀՀ-ի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպումը։ «Կարևորելով Բրյուսելի օրակարգը՝ նախագահը մատնանշել է այդ հարցի շուրջ քննարկումների և գործնական աշխատանքի անհրաժեշտությունը, բարձր է գնահատել ԵՄ-ի կողմից Ադրբեջանին աջակցությունը ականազերծման գործընթացում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Կլաարն իր հերթին հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները շուտափույթ կավարտվեն։ Ալիևն էլ հայտնել է, որ հրահանգել է համապատասխան գերատեսչություններին ինտենսիվ բանակցություններ անցկացնել Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության համաձայնագրի շուրջ և հնարավորինս կարճ ժամկետում ավարտել դրանք։ Ադրբեջանի նախագահը նաև խոսել է Արցախյան առաջին պատերազմում անհետ կորած ադրբեջանցիների մասին։ Ալիևն ու Կլաարը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների վերականգնման, սահմանների դելիմիտացիայի և այլ առանցքային հարցերի շուրջ։ Հավելենք, որ նախորդ շաբաթ Տոյվո Կլաարը Երևանում հանդիպել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Էմմա Չոբանյան
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/477946.html
© factor.am
Կարծիքներ