ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչեւ դեկտեմբերի կեսը սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումները
ԱՄՆ իշխանությունները պատրաստվում են մինչեւ դեկտեմբերի կեսը սկսել նոր կորոնավիրուսի դեմ պատվաստումները, մինչդեռ մեկ այլ դեղագործական ընկերություն հայտնել է պատվաստանյութի փորձարկման խոստումնալից արդյունքների մասին, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:
Պատվաստումների նախապատրաստման արշավի ղեկավարն ասել է, որ բուժաշխատողների եւ ռիսկի խմբերի ներկայացուցիչների պատվաստումները կարող են սկսել պատվաստանյութի գրանցումից մեկ կամ երկու օր հետո: Ինչպես պատմել է «Գերձայնային արագություն» գործողության գլխավոր գիտական խորհրդատու, դոկտոր Մոնսեֆ Սլաուին, Pfizer-ի եւ BioNTech-ի պատվաստանյութը ԱՄՆ կարգավորող մարմիններից կարող է հավանություն ստանալ արդեն դեկտեմբերի 11-ին: «Գրանցվելուց հետո մեկ օրվա ընթացքում պատվաստանյութը կմատակարարվի այնտեղ, որտեղ նահանգները ցանկանում են պատվաստանյութի չափաբաժիններ ստանալ»,- NBC-ին տված հարցազրույցում ասել է Սլաուին:
Pfizer-ը հայտարարել է, որ իր պատվաստանյութը 95 տոկոսով արդյունավետ է:
Moderna ընկերությունը նախատեսում է իր պատվաստանյութը գրանցելու համար դեկտեմբերին դիմել: AstraZeneca բրիտանական ընկերությունը երկուշաբթի օրը հայտնել է, որ կլինիկական փորձարկումների վերջին փուլի արդյունքներով իր պատվաստանյութը 90 տոկոսով արդյունավետ է եւ առանց որեւէ լուրջ կողմնակի ազդեցության: Ենթադրվում է, որ այս պատվաստանյութը արտադրելն ավելի էժան է եւ ավելի հեշտ է տեղափոխել, քան մրցակից ընկերությունների պատվաստանյութերը: AstraZeneca-ն հայտարարել է, որ մինչեւ 2020 թվականի վերջը կարտադրվի մինչեւ 200 միլիոն չափաբաժին, իսկ մինչեւ 2021 թվականի առաջին եռամսյակի ավարտը կարող է պատրաստ լինել եւս 700 միլիոն չափաբաժին:
Միեւնույն ժամանակ, Միացյալ Նահանգներում վարակման դեպքերի թիվը գերազանցել է 12 միլիոնը, իսկ մահվան դեպքերինը` 255 հազարը: Վերջին երկու շաբաթների ընթացքում հոսպիտալացումների թիվն աճել է գրեթե 50 տոկոսով: Հիվանդացածության աճի պատճառով նահանգային եւ քաղաքային իշխանությունները կրկին սահմանափակող միջոցառումներ են ներդնում:
Կարծիքներ