Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ

Առաջին եռամսյակի տվյալներով բյուջեի եկամուտները գերակատարվել են 20 մլրդ դրամով. վարչապետ

Պետական բյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ  դրամով, առևտրի շրջանառությունը նույնպես  էական աճ է արձանագրել: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ՊԵԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ մարտին նախորդ տարվա մարտի համեմատ ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով գործարքների քանակն ավելի է 8 մլն 647 հազար հատով. նախորդ տարվա համեմատ տարբերությունը կազմում է 122 մլրդ դրամ:

«Եռամսյակային կտրվածքով իրացման շրջանառության տարբերությունը կազմում է 116,8 մլրդ դրամ, գործարքների թվով՝ 6,2 մլն հատ: Հարկային եկամուտների մասով նշեմ, որ առաջին եռամսյակի համար սահմանված է եղել 305 մլրդ դրամ, փաստացի հավաքագրվել է 332,9 մլրդ դրամ: Դրական տարբերությունը կազմում է 27,9 մլրդ դրամ, սակայն հաշվի առնելով, որ 332,9 մլրդ դրամի մեջ ներառված են նաև  դրոշմանիշների գծով մուտքերը, որոնք կազմել են 5,6 մլրդ դրամ, և նախատեսելով հետագայում առաջին եռամսյակի պլանի ճշտման հավանական հնարավոր չափը, որը կկազմի 310,6 մլրդ դրամ, ապա հարկային եկամուտների գերակատարման փաստացի արդյունքը կազմելու է 22,3 մլրդ դրամ»,- ասաց ՊԵԿ նախագահը:

Ամփոփելով՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Այսպիսով առևտրի շրջանառության ծավալն առաջին եռամսյակում աճել է ավելի քան 8 տոկոսով: Մարտին աճը կազմել է ավելի քան 20 տոկոս: Բյուջեի հարկային եկամուտները պլանավորվածից գերակատարվել են 22,3 մլրդ դրամով: Առաջին եռամսյակի արդյունքներից ելնելով Ֆինանսների նախարարությունն առաջարկում է, որ մենք պետական բյուջեի տարեկան եկամուտների կանխատեսումն ավելացնենք 40 մլրդ դրամով: Սրանք բավականին լավ ցուցանիշներ են ճգնաժամային, հետպատերազմական տարվա համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում