Մեկնարկեց 3 մլն եվրո արժողությամբ եռամյա «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ծրագիրը՝ միտված մշակութային ոլորտի զարգացմանը
ՀԲԸՄ-ի և Creative Armenia-ի համագործակցությամբ և ԵՄ-ի աջակցությամբ՝ հուլիսի 12-ին մեկնարկեց «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն 3 մլն եվրո արժողությամբ եռամյա ծրագիրը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ծրագրի նպատակն է խթանել Հայաստանում մշակութային և ստեղծարար արդյունաբերության էկոհամակարգի ձևավորումը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու աջակցել զարգացող ստեղծարար տնտեսությանը։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության և Հայկական բարեգործական ընդհանուր միության միջև կնքվեց փոխըմբռնման հուշագիր Հայաստանում ստեղծարար արդյունաբերության և մշակույթի ոլորտի զարգացման «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի շրջանակում համագործակցության վերաբերյալ:
«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագիրը նախագծվել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ՀԲԸՄ կողմից՝ «Ստեղծարար Հայաստան»-ի հետ համագործակցությամբ։
Ծրագրի շրջանակներում, «Ստեղծարար Հայաստան»-ը կառաջնորդի և կիրականացնի իր կողմից ստեղծված և զարգացված «Artbox» ինկուբացիոն և աքսելերացիոն ծրագրերը: Ոգեշնչված բիզնեսի և տեղեկատվական տեխնոլոգիաների նորարար մոդելներից՝ «Artbox»-ը ինկուբատորի և աքսելերատորի մոդելների վերակերտումն է արվեստի աշխարհի համար՝ կոչված տրամադրելու ռազմավարական աջակցություն և ֆինանսավորման ուղիներ թատրոնի, երաժշտության և արվեստի բոլոր ոլորտների նախագծերին:
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը նշեց, որ նախագիծը թույլ է տալիս ստեղծել մի մշակույթ, միջավայր, որը նպաստում է ստեղծարարության զարգացմանը տարբեր ոլորտներում:
«Կարևորում եմ այս համագործակցությունը և համատեղ ջանքերով նոր ծրագրերի իրականացումը: Հուշագրով ընդգծվում են առկա խնդիրներն ու բարդությունները, ինչպես նաև դրանց հաղթահարման հնարավորությունները»,- ասաց նա:
ՀԲԸՄ Հայաստանի գրասենյակի նախագահ Վազգեն Յակուբյանը նշեց, որ ծրագրերն իրականացնելիս՝ ձգտում են համագործակցել կառավարության հետ, որպեսզի դրանք լինեն պետության առաջնահերթություններին համապատասխան։
«ՀԲԸՄ-ն իր 100-ամյա առաքելությունն իրականացնելիս՝ Հայաստանում ընտրել է 4 ուղղություն՝ կրթական, մշակութային, մարդասիրական և տնտեսական զարգացման։ «ԿԱՏԱՊՈՒԼՏ»-ն ընդգրկում է այս 4 ուղղություններից 3-ը։ Այս ծրագրի միջոցով խթանելու ենք մշակութային և ստեղծարար արտադրության ոլորտի տարբեր ուղղությունները, նաև կրթության ոլորտը, քանի որ ունենք մասնագետների կարողության հզորացման բաղադրիչ։ Այս ծրագրում կարևոր է նաև սփյուռքի մեր ներուժի ներգրավման բաղադրիչը»,- ասաց Յակուբյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը ընդգծեց՝ տարիներ շարունակ մշակույթը չի դիտվել որպես տնտեսության ճյուղ: Միջազգային պրակտիկայի մեջ մշակույթը ունի լայն, ստեղծարար ոլորտներ, հստակ ձևակերպումներ: Կան ոլորտներ որոնք էկոնոմիկայի տեսանկյունից չափազանց հետաքրքիր են:
«Մշակելով տեքստիլ ռազմավարություն՝ հասկացանք, որ որոշակի խնդիր կա մեր տեղացի արտադրողների համար. բրենդավորման, մարքեթինգի, դիզայնի և այլն, որոնք ստեղծարար են:Այս շրջանակներում էկոնոմիկայի նախարարությունը հետաքրքրված է ծրագրով: «ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի տրամաբանության մեջ այդ ոլորտների մարդիկ հնարավորություն կստանան իրենց պոտենցիալը մեծացնել՝ անցնելով ծրագրի միջով»,- նշեց փոխնախարարը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն էլ ընդգծեց՝ ծրագրային մասով դեռ լուրջ աշխատանք տանելու անհրաժեշտություն ունեն, կա նաև ժամանակացույցերի հստակեցման, առաջնահերթությունների ճշգրտման կարիք: Նրա համոզմամբ՝ ծրագիրն աննախադեպ է:
«Աննախադեպությունը կայանում է իր առջև դրված խնդիրներով: Մշակույթի ոլորտը, մեր պետական կառույցների կառավարումը արդիականացնելու, մշակութային շուկան ուսումնասիրելու, արդյունքային ցուցանիշները հստակեցնելու և ճշտելու կարիք ունենք: Ծրագրից ակնկալում ենք ոլորտի խորքային վերլուծություն և հետազոտություն, ուսումնասիրություն, մշակույթի տնտեսականացումը: Նկատի ունենալով, որ արվեստներից կինոն ամենաարդյունաբերական և տնտեսականացման ենթարկվող ամենամեծ բնագավառն է, նաև՝ նկատի ունենալով, որ մյուս տարի լրանում է հայ կինոյի 100 ամյակը, ենթադրում եմ, որ առաջիկա աշխատանքները հիմնականում կտարվեն կինոյի կինոարդյունաբերության ոլորտում»,- նշեց Խզմալյանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորեց գործընկերներին «Կատապուլտ» ստեղծարար աքսելերատոր ծրագրի մեկնարկի կապակցությամբ՝ կարևորելով այն հանգամանքը, որ այն համահունչ է ՀՀ կառավարության գործողությունների ծրագրին և մշակույթի ոլորտի պետական քաղաքականությանը:
«Ծրագիրը մի քանի առումով է ուշագրավ. նախ՝ հստակ կապ է ստեղծում մշակույթի ոլորտի և տնտեսական առաջընթացի միջև, 2-րդ՝ մեծ բյուջեով՝ 3 միլիոն եվրո արժողությամբ ծրագիր է, ինչը 3 տարվա կտրվածքով ենթադրում է շոշափելի արդյունքներ, և ամենակարևորը՝ ամբողջ մշակութային էկոհամակարգի զարգացման վրա էական ազդեցություն է ունենալու՝ շեշտադրելով կարողությունների զարգացումը, նորարարության խթանումը, մշակույթի ոլորտում միջազգային երկխոսությունների կայացումը»,- ասաց Մարտիրոսյանը՝ ընդգծելով ծրագրի՝ Հայաստան-ԵՄ համագործակցության կարևոր մաս լինելու իրողությունը:
«ԿԱՏԱՊՈՒԼՏ» ստեղծարար աքսելերացիոն ծրագրի ղեկավար Աննա Գարգարյանը շեշտեց՝ «ԿԱՏԱՊՈՒԼՏ»-ը հարթակ է, որը լույս է գցում հայ ստեղծարար տաղանդի, նոր մտքերի, բիզնեսների վրա:
«Չնայած ծրագիրը նոր է, բայց հիմքը դրվել է 2017-ին, երբ ՀԲԸՄ-ն փորձում էր հասկանալ՝ ինչ է նշանակում մշակութային և ստեղծարար արդյունաբերություն։ Սա նոր հասկացողություն է, որը գնահատում է մշակութային ոլորտը՝ նաև իր տնտեսական և նորարար պոտենցիալի համար։ Էկոհամակարգը զարգացնել նշանում է հարցին նայել տարբեր տեսանկյուններից։ Դրա համար այս 5 կողմանի համաձայնագիրը ներկայացնում է ոլորտը զարգացնելու մեր ցանկությունը և գիտելիքներով կիսվելու հարթակ ստեղծելու մեր պարտավորությունը»,- նշեց նա:
Հուշագրի ստորագրումից հետո տեղի է ունեցել «Կենսակայուն. ստեղծարարության էկոհամակարգեր» համաժողովը։
Կարծիքներ