Վրաստանի վարչապետը խոստացել է թույլ չտալ երկրում ուկրաինական մայդանի կրկնությունը
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ երկրում մայդան չի լինելու: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հաղորդում է Интерфакс-ը:
Անդրադառնալով 2014 թվականին Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների և վերջին շաբաթներին Վրաստանում ընթացող բողոքի գործողությունների միջև զուգահեռներ անցկացնելու վերաբերյալ արտասահմանյան որոշ քաղաքական գործիչների հայտարարություններին՝ Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է. «Ցանկանում եմ բոլորին ասել, որ Վրաստանում մայդան չի լինի»:
Իրակլի Կոբախիձեն հիշեցրել է, թե ինչի է հանգեցրել Ուկրաինայում տեղի ունեցած բռնի իշխանափոխությունը: «Մայդանից հետո ուկրաինական իշխանություններն իրապես երկու անգամ նշանակվեցին դրսից: Այդ իշխանություններին նշանակողները վերջնարդյունքում որևէ պատասխանատվություն չկրեցին հետագայում տեղի ունեցած իրադարձությունների համար: Մինչև 2013 թվականը Ուկրաինան տարածքային ամբողջականություն և 200 միլիարդ դոլարի տնտեսություն ունեցող երկիր էր: Այսօր Ուկրաինան փլուզված է, և դրա համար կրկին ոչ ոք պատասխանատվություն չի կրում»,- ասել է Կոբախիձեն։
Խոսելով Թբիլիսիում ընթացող ցույցերին Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների մասնակցության մասին Վրաստանի վարչապետը նշել է. «Երբ արտաքին գործերի նախարարն առանց իր կառավարության իմացության մասնակցում է Վրաստանի ընդդիմության հանրահավաքին՝ դա վկայում է անլրջության մասին, որը տիրում է այդ կառույցում: Բայց դա, իհարկե, նրանց գործն է»:
Վրացական ընդդիմությունը բողոքում է օտարերկրյա գործակալների մասին օրենք ընդունելու՝ իշխող կուսակցության մտադրության դեմ։
Կարծիքներ