Ես Հայաստանից ինձ հետ կտանեմ իմ հաղթանակն ու շատ լավաշ. Ֆրանսիայի պատվիրակը՝ մրցույթի արդյունքների մասին

Ես Հայաստանից ինձ հետ կտանեմ իմ հաղթանակն ու շատ լավաշ. Ֆրանսիայի պատվիրակը՝ մրցույթի արդյունքների մասին

Ավարտվեց «Մանկական Եվրատեսիլ 2022» եվրոպական երգի մրցույթը: Ազգային ժյուրիի և ժողովրդի համատեղ քվեարկության արդյունքում մրցույթում  հաղթեց Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն՝ ստանալով ընդհանուր 203 միավոր:

Մրցույթից հետո կազմակերպված մամուլի ասուլիսում Ֆրանսիայի պատվիրակը խոստովանեց, որ չափազանց շատ է սիրել Հայաստանը, պաշտում է հայկական լավաշն ու անպատմելի զգացողություններ ունի հաղթանակի հետ կապված:

«Շատ ուրախ եմ, շնորհակալություն իմ ընտանիքին, իմ ընկերներին, մարդկանց, որ հավատացին ին, իմ պարային խմբին: Չգիտեի, որ կհաղթեմ։ Սա ինձ համար պատիվ է, ես իհարկե ուզում էի հաղթել, բայց երբ իմացա այդ մասին, միայն կրկնում էի օ Աստված իմ»,-ասաց փոքրիկ երգիչը:

Հանրային Հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը շնորհավորեց Լիսանդրոյին հաղթանակի կապակցությամբ, հիշեցրեց որ մենք ֆրանսիայում հաղթեցինք և հիմա հաղթանակը վերադարձնում ենք Ֆրանսիային

Մովսիսյանի խոսքով՝ Հայաստանը կարողացավ ապացուցել, որ Երևանը պատրաստ է կազմակերպել նման միջոցառում:

«Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը ևս շնորհավորեց Ֆրանսիայի պատվիրակին անհավանական հաղթանակի համար և հավելեց, որ այս տարին շատ բարդ տարի է եղել ու հիմա ինքը հանգիստ ու երջանիկ է, քանի որ շոուն հիանալի անցավ:

Ֆրանսիական պատվիրակության ղեկավարը, շնորհակալություն հայտնելով բարձրակարգ կազմակերպված շոուի և հաղթանակի համար, հիշեցրեց, թե որքան խոր հիմքեր ունի հայ-ֆրանսիական բարեկամությունը ու որքան կարևոր էր հաղթանակը ՀՀ հողի վրա:

Լիսանդրոն, ամփոփելով իր հաղթական զգացողությունները, նշեց.

 «Ես ասել էի որ Հայաստանից հետս լավաշ եմ տանելու ու հաղթանակը, հիմա կրկնում եմ՝ տանելու եմ շատ-շատ լավաշ, բայց ավելի երջանկությամբ տանելու եմ իմ հաղթանակը: Գլուխս պայթում է երջանկությունից, անպատմելի զգացողություններ ունեմ, սա իմ Սուրբ Ծննդյան լավագույն նվերն է»:

Եվրոպական հեղինակավոր այս իրադարձությունը, ինչպես հայտնի է, տեղի ունեցավ Երևանում՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի շքեղ բեմում:

20-րդ հոբելյանական «Մանկական Եվրատեսիլին» մասնակցեցին 16 երկրի ներկայացուցիչ, որոնց միավորեց «Պտտի՛ր հրաշքը» կախարդական կարգախոսը:

Այս տարվա խորհրդանիշը գունազարդ հոլն էր:

Մասնակից երկրներն էին՝ Ալբանիա, Իռլանդիա, Իտալիա, Իսպանիա, Լեհաստան, Հայաստան, Հյուսիսային Մակեդոնիա, Ղազախստան, Մալթա, Նիդեռլանդներ, Պորտուգալիա, Սերբիա,  Ուկրաինա, Միացյալ Թագավորություն, Վրաստան, Ֆրանսիա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում