«Շան բներ կան՝ 150-200 հազարով են տալիս, մարդը ո՞նց ապրի». Երևանում վարձով բնակարան գտնելը մեծ խնդիր է դարձել
Երևանում խելամիտ գներով վարձով տուն գտնելը դարձել է ոչ միայն դժվար, այլ որոշ դեպքերում՝ անհնար:
Բանն այն է, որ Ռուսաստանից, Հնդկաստանից և այլ երկրներից դեպի մեր երկիր միգրանտների մեծ ներհոսքին և Լեռնային Ղարաբաղից 100 հազարավոր բռնի տեղահանված հայերին կրկնապատկվել, որոշ դեպքերում եռապատկվել են վարձով տների գները, ինչը, սակայն, որևէ կերպ չի ազդել առաջարկվող պայմանների բարելավման վրա:
Թանկ վարձավճարներին գումարվել է նաև օրենքի նոր կարգավորումը, որով վարձակալության տրված տան համար ֆիզիկական անձինք պարտավոր են վճարել եկամտահարկ՝ վարձավճարի 10%-ի չափով:
Սոցիալական ցանցերում արված հարցման արդյունքները ևս փաստում են, որ ովքեր վերջին շրջանում տուն վարձակալելու ցանկություն են ունեցել, տանտերերից լսել են նույն պատասխանը՝ տան գինն ավելացել է՝ հաշվի առնելով նոր օրենսդրական կարգավորումներն ու հարկային դաշտ մտնելու հանգամանքը:
Հարցման մասնակիցներից 27 ամյա Ս. Կ.-ն, որը չի ցանկացել իր անուն-ազգանունն ամբողջությամբ նշվի, «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նշել է, որ վերջին 7 տարին կնոջ և երեխաների հետ վարձակալական հիմունքներով Երևանում է բնակվում և այժմ վարձով բնակարան գտնելու խնդիրների փաթեթին ավելացել է ևս մեկը՝ հարկերը:
«Առաջ էլ էինք մեծ դժվարությամբ վարձով տուն գտնում, ընդ որում՝ առաջարկվող պայմաններն ու պահանջվող գինը ոչ մի կապ չունեն իրար հետ: Մարդիկ իրենց ավտոտնակը, նկուղային հարկերը կամ մեկ սենյականոց բնակարանը մի քիչ կահավորում, անունը «վարձով տուն» են դնում ու որոշում միանգամից հարստանալ: Մի քանի օր առաջ եմ նոր տուն տեղափոխվել, որը գտնելու համար չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ՝ հարյուրավոր զանգեր եմ արել ամենատարբեր տան սեփականատերերի, անշարժ գույքի գործակալություններ և գտել եմ՝ սոցիալական հարթակներում հայտարարություններ դնելով»,- ասել է քաղաքացին:
Անդրադառնալով վարձակալությամբ տրվող բնակարանների դեպքում նոր օրենսդրական կարգավորումներին՝ վերջինս նկատում է՝ առաջին հայացքից այն վարձով բնակարան տվողներին որոշակիորեն պետք է կաշկանդեր գին սահմանելիս, սակայն հակառակն է եղել:
«Բոլորն անխտիր կա՛մ տան գինն են շատ բարձր դնում, կա՛մ ավելի «խելամիտներն» ասում են՝ գինն ասենք, օրինակ, 180 հազար դրամ է, դրան գումարած՝ նաև հարկերը, մոտավորապես՝ 20-30 հազար դրամ: Ստացվում է օրենքի կարգավորում է բերվում, որով պետք է հարկվեն տան սեփականատերերը, սակայն տուժողը կրկին վարձակալն է: Տան տիրոջ համար ի՞նչ կա, ընդամենը տան գինը 180 հազար դրամից դարձնում է 200-220 հազար դրամ, երբեմն էլ՝ ավելի բարձր: Էսպես չի կարելի, ոլորտը ինչ-որ կերպ պե՞տք է վերահսկվի, թե՞ ոչ»,- նշել է նա:
Ավելին՝ աղբյուրի կայքում:
Կարծիքներ