ՄԻՊ-ը՝ Գայանե Հակոբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի մասին
ՀՀ ՄԻՊ աշխատակազմը և անձամբ ՄԻՊ-ը ուշադրությամբ հետևում են ՀՀ վարչապետի որդու առևանգման փորձի համար կասկածվող և մեկ ամսով կալանավորված Գայանե Հակոբյանի գործին։
Այս մասին այսօր՝ Կառավարության նիստից հետո՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Փաստաբանների կողմից պաշտպանությունից հրաժարվելու վերաբերյալ տեղեկատվություն չունեմ, չեմ կարող փոխանցել որևէ բան։ Մենք անընդհատ ուշադրության կենտրոնում ենք պահել այս գործը։ Ինքս և աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են տիկին Հակոբյանին»,- նշեց նա։
Ըստ ՄԻՊ-ի՝ աշխատակազմի ներկայացուցիչների և իր այցելության շնորհիվ լուծվել է Գայանե Հակոբյանի՝ Աբովյան ՔԿ-ում պահման պայմանների հարցը:
«Դրանք վերաբերում են խցային պայմանների հետ կապված խնդիրներին։ Քանի որ առանձնազրույցներ են եղել, չունեմ քաղաքացու համաձայնությունը և չեմ կարող ասել՝ կոնկրետ ինչ խնդիրներ էին։ Մեր ՔԿՀ-ները, բոլորս էլ գիտենք, որ ունեն չափանիշների կատարելագործման կարիք։ Միջազգային չափանիշներին պետք է համապատասխանեն»,- ընդգծեց նա։
Մանասյանի խոսքով՝ հարցը երկու կարևոր կոմպոնենտ ունի թե՛ իրավական, թե՛ մարդկային առումով։ Ըստ նրա՝ այս գործի շրջանակներում տարածվում է նաև ատելության խոսք, որը անընդունելի է, և պետք է բոլորը բացառեն դա ու հակազդեն այդ ատելության խոսքին։
Հարցին՝ կնոջ խափանման միջոցը փոխելու համար արդյոք ՀՀ ՄԻՊ-ը կդիմի՞ Գլխավոր դատախազին, Մանասյանը նշեց․ «Ես փորձել եմ իմ ունեցած գործիքակազմի շրջանակներում ճիշտ հաղորդակցություն վարել պետական իրավական համակարգերի հետ։ Դատախազությանը ներկայացրել եմ նշված անձանց մտահոգող հարցերը և դրանց տվել իրավական ձևակերպումներ»։
Կարծիքներ