Էստոնիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին
Դեկտեմբերի 7-ին ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցն ընդունեց Էստոնիայի նորանշանակ դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը՝ Թբիլիսի)՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։
ԱԳ նախարարի տեղակալը շնորհավորեց Ռինա Կալյուրանդին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնեց, որ նորանշանակ դեսպանն իր ավանդը կունենա հայ-էստոնական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և երկկողմ օրակարգն առավել ընդլայնելու գործում:
Շնորհակալություն հայտնելով ջերմ բարեմաղթանքների համար՝ դեսպան Կալյուրանդին Ավետ Ադոնցին փոխանցեց Էստոնիայի ԱԳ նախարար Ուրմաս Ռեինսալուի ողջույնները:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ՝ առանձնակի շեշտելով առևտրատնտեսական, տեղեկատվական տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի ոլորտում առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ համատեղ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։ Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համագործակցության հեռանկարների հետ կապված հարցերին:
ԱԳ նախարարի տեղակալը դեսպանին համապարփակ տեղեկատվություն հաղորդեց թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակի և առաջացած հումանիտար ճգնաժամի մասին: Վերջինս այս առնչությամբ կարևորեց միջազգային հանրության հնարավորինս լայն աջակցությունը:
Էստոնիայի նորանշանակ դեսպանը հույս հայտնեց, որ ԼՂ հիմնախնդրի շուրջ բանակցությունները կշարունակվեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
ԱԳ նախարարի տեղակալն ու Էստոնիայի դեսպանը մտքեր փոխանակեցին նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
Կարծիքներ