Ադրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ

Ադրբեջանում պահվող գերիները ԿԽՄԿ ներկայացուցիչների միջոցով կապ են հաստատել իրենց հարազատների հետ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հերթական անգամ հանդիպել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։

Այս մասին Իրավաբան.net-ի հետ զրույցում հայտնեց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին:

«Հունվար ամսին հերթական տեսակցությունն է եղել բոլոր այն գերեվարված անձանց հետ, որոնց գերի լինելու փաստը հաստատվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից: Նրանց թվում են ինչպես 2020 թվականի պատերազմի, այնպես էլ 2021 թվականի նոյեմբերին տեղի ունեցած հարձակման հետևանքով գերեվարվածները»,- ասաց նա։

Հարցին, թե կոմիտեի ներկայացուցիչները քանիսին են կարողացել տեսնել, Ամատունին պատասխանեց, որ գերեվարված անձանց թվի, ինչպես նաև նրանց առողջական վիճակի և պահման պայմանների մասին ոչինչ չի կարող հայտնել:

Ամատունին ասաց, որ տեսակցությունների շրջանակում գերիներին հնարավորություն է տրվել կապի տարբեր միջոցներով իրենց հարազատների հետ կապ հաստատել:

«Գերիների հարազատները կոմիտեի ներկայացուցիչների միջոցով նախապես Հայաստանից նամակներ ու տեսաուղերձներ են փոխանցել գերիներին, իսկ նրանք Ադրբեջանից պատասխան նամակներ ու տեսաուղերձներ բերել Հայաստան»,- նշեց նա:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում