Ապաստարանների հետ կապված որոշ խնդիրներ կան. աշխատանքներ են տարվում Քաղաքաշինության կոմիտեի հետ. ԱԻՆ նախարար
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ աշխատում է ապաստարաններին վերաբերող ծրագրի շուրջ:
Այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց լրագրողների հետ զրույցում:
«Ապաստարանների հետ կապված մեր երկրում ունենք որոշակի խնդիրներ: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Շատ վաղուց, երկար տարիներ շարունակ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը բնակիչների կողմից գուցե նաև անօրինական կերպով սեփականաշնորհվել են, և մենք չենք կարողանում դրանք օգտագործել։ Պարապմունքների, ուղղակի ստուգումների ժամանակ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ կարողանում ենք գտնել այդ նկուղների սեփականատերերին, բացենք դուռը և այդ տարածքը բերենք աշխատանքային վիճակի: Եթե իրականում որոշակի անհրաժեշտություն լինի, ապա այդ ուղղությամբ մենք կունենանք խնդիրներ»,- նշեց նախարարը:
Հարցին, թե ինչ ելք է տեսնում այս ամենի համար, Փիլոյանը պատասխանեց, որ այժմ այդ ուղղությամբ աշխատում են Քաղաքաշինության կոմիտեի հետ:
Նրա խոսքով՝ ծրագրեր են մշակվում, որպեսզի հետագայում կառուցվելիք շենք-շինություններն ունենան նկուղային հարկեր, որոնք կօգտագործվեն ոչ թե բնակչության կողմից սեփական նպատակների համար, այդ որպես ապաստարաններ կամ պատսպարաններ:
Կարծիքներ