«Բացե՛ք Արցախի կյանքի ճանապարհը». մշակութային գործիչները քայլերթ են իրականացնում դեպի դեսպանատներ
Ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքն օրեր շարունակ փակելու պատճառով մի խումբ մշակութային գործիչներ Ազատության հրապարակից երթ են նախաձեռնել դեպի դեսպանատներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, կազմակերպիչներին են միացել հազարավոր քաղաքացիներ:
Այս ոչ քաղաքական ակցիայի նախաձեռնողներն են արցախցի երգիչներ Արտեմ Վալտերը և Լյոկան: Նախաձեռնողների ներկայացմամբ՝ նպատակը միջազգային հանրությանը տեղեկացնելն է խնդրի մասին, ինչպես նաև բլոկադայի մեջ հայտնված 120 հազար արցախցիներին այս կերպ ցույց տալը, որ իրենք մենակ չեն: Ակցիայի մասնակիցները «Բացե՛ք կյանքի ճանապարհը», «Արցախը ես եմ» վանկարկումներով քայլում են դեպի դեսպանատների շենքեր:
Հաղորդավար Արմեն Վարդանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ակցիան լուծում կտա այնքանով, որ արտերկրում գտնվող մարդը կտեսնի, որ Հայաստանում մարդիկ անտարբեր չեն Արցախի և Արցախի ժողովրդի խնդիրների նկատմամբ: Նրա խոսքով, եթե բողոքի ակցիաներ չլինեն, ճանապարհը փակողները կմտածեն, որ դեռևս 15 օր էլ կարող են փակ պահել ճանապարհը:
Դերասանուհի Թամարա Պետրոսյանը, որը ծնունդով Արցախից է, ասաց, որ ծնողները, եղբայրն ու մյուս հարազատները ևս շրջափակման մեջ են: Նար խոսքով՝ Երևանում էլ ունի Արցախից ընկերներ, որոնք եկել են ու չեն կարողանում վերադառնալ: Դերասանուհու խոսքով՝ նման ակցիաների նպատակը միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է, որպեսզի վերջիններս համոզվեն՝ այս հարցով ցույցերի դուրս եկողներն օրեցօր ավելանում են: Ակցիայի մասնակիցները դեսպանատների շենքերի մոտ ակցիա անելուց հետո գնալու են ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի մոտ: Այտեղ էլ օրեր շարունակ նստացույց են անում Արցախի պետնախարարի խորհրդական, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը և գործող ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը: Վերջիններս Հայաստան էին եկել աշխատանքային այցով, և այլևս չեն կարողացել հետ վերադառնալ:
Դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից:
Կարծիքներ