Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

Չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա. Ժորա Սարգսյան

Կորոնավիրուսային իրավիճակի հաղթահարմանն ուղղված ՀՀ առողջապահության նախարարի հրամանով նախատեսված պատվաստվելու կամ թեստավորվելու պահանջները չկատարելու դեպքում գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված աշխատանքային օրենսդրությունը լուծումներ չի առաջարկում: 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը նշեց, որ չթեստավորման, չպատվաստման համար աշխատողին աշխատանքից ազատելու հիմք Աշխատանքային օրենսգրքում չկա:

«Եթե այս խնդիրը դիտարկում ենք աշխատանքային օրենսդրության համատեքստում, ապա  չկա որևէ կարգավորում, որևէ պահանջ, ըստ որի գործատուն աշխատողին կարող է ազատել աշխատանքից, եթե չի պահպանել հրամանով սահմանված պահանջները: Այո, հրամանը կա, սակայն Աշխատանքային օրենսգրքով չկա համապատասխան հիմք, որը հնարավորություն կտա գործատուին չթեստավորման, չպատվաստման դեպքում ազատել աշխատանքից»,- ասաց Ժորա Սարգսյանը:

ՀՀ արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը նշեց, որ մշակվել է Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթ, որը սեպտեմբերի 1-ից շրջանառության մեջ է դրված:

«Սա հնարավորություն է տալիս պետական իշխանության մարմիններին որպես գործատու համակարգել իր աշխատակիցների միջև հարաբերությունները: Այս նախագծով նախատեսվում է պարտականություն հանրային իշխանության մարմնի համար, այն է՝ թույլ չտալ հանրային ծառայողին մուտք գործել աշխատավայր, եթե չունի ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանված աշխատանքի ներկայանալու համար անհրաժեշտ փաստաթղթերը: Դրանք երեքն են՝ թեստավորման, պատվաստման կամ հակացուցումների մասին փաստաթուղթ»,- ասաց Տիգրան Դադունցը: Եթե այս հիմքով հանրային ծառայողը չի ներկայանում աշխատանքի 30 օր անընդմեջ կամ տարվա ընթացքում 50 օր, ապա հանրային իշխանության մարմինը, որպես գործատու, պարտավոր է դադարեցնել տվյալ աշխատողի հետ հարաբերությունները:

Արդարադատության նախարարության ներկայացրած նախագիծն առաջարկվող լուծում է միայն հանրային ծառայության ոլորտում և դեռ քննարկման փուլում է: Ստացվում է, գործատու-աշխատող իրավահարաբերությունների հետ կապված լուծում առայժմ չկա, և գործատուն աշխատողին չի կարող աշխատանքից ազատել չպատվաստվելու, չթեստավորվելու համար: Ու չնայած այս հանգամանքին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչությունը պատվաստումների կամ թեստավորումների հետ կապված ՀՀ առողջապահության նախարարի հրամանի պահանջները չկատարելու դեպքում տուգանելու է բոլոր գործատուներին:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության վարչության պետ Աննա Հարությունյանը նշեց, որ հանրային ծառայության մարմին լինի, մասնավոր ընկերություն, թե պետական կառույց, տեսչական մարմինը տուգանելու է:

«Վարչական իրավախախտումների մասին օրենսգիրքն ասում է, որ սանիտարական նորմերը չպահպանելն առաջացնում է տուգանքի որոշում ֆիզիկական, իրավաբանական անձանց նկատմամբ: Առաջին անգամ խախտման դեպքում 10-20 հազար դրամ նախատեսված է ֆիզիկական անձանց նկատմամբ, 40-120 հազար դրամի չափով տուգանք՝ իրավաբանական անձանց նկատմամբ»,- ասաց Աննա Հարությունյանը:

Տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ ստուգումների հետ կապված իրենց գործունեությունը մնում է նույնը: Այն, ինչ արվել է կորոնավիրուսի առաջին դեպքերի ի հայտ գալուն զուգահեռ, շարունակվելու է առաջիկայում ևս: Պարզապես, մի շարք այլ պահանջներից բացի, հաշվի են առնվելու նաև թեստավորման ու պատվաստման պահանջները: Ստուգայցերի ժամանակ հաշվի են առնվում ռիսկային տնտեսավարողները, սակայն, ըստ Աննա Հարությունյանի, դա չի նշանակում, թե մյուս կազմակերպություններում ստուգայցեր չեն արվելու: Վերահսկողությունն ուղղորդվում է նաև իրազեկմամբ, բացատրական աշխատանքներով:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում