Գևորգ Պապոյանն այցելել է Թումո, ծանոթացել կենտրոնների և տուփերի առանձնահատկություններին

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մարտի 7-ին այցելել է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն։ Ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։
Թումոյի զարգացման գծով տնօրեն Բեկոր Փափազյանի ուղեկցությամբ նախարարը շրջայց է կատարել կրթական կենտրոնում, ծանոթացել կենտրոնի պայմաններին ու հնարավորություններին, աշխատանքային ուղղություններին և նախաձեռնություններին:
Հայաստանում ստեղծված ցանցն արդեն դարձել է միջազգային՝ Երևանում, Դիլիջանում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում և Կողբում գործող կենտրոններից բացի Թումոներ կան Փարիզում, Բեռլինում, Լիոնում, Մանհեյմում, Կոիմբրայում, Տիրանայում, Լիսաբոնում, շուտով կբացվի Լոս Անջելեսի կենտրոնը
Կենտրոնի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը նախարարին է ներկայացրել գործող Թումո կենտրոնների և տուփերի առանձնահատկությունները, պատմել միջազգային կենտրոնների, Թումոյի մի շարք նախաձեռնությունների մասին:
Թումոյի կրթությունն այժմ հասանելի է Հայաստանի 25.000 պատանիների, սակայն նպատակն է հնարավորություն տալ շաբաթական 80.000 պատանու Հայաստանի բոլոր անկյուններում ստանալ նորարարական կրթություն:
Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կրթական ծրագիր է, որը պատանիների համար ստեղծում է ուսումնական փորձառություններ՝ լայն մասշտաբով:
Հիմնադրվելով Հայաստանում և ընդլայնվելով ամբողջ աշխարհում՝ Թումոյի կրթական մոդելը համատեղում է ինքնուսուցումը գործնական դասընթացների և աշխատարանների հետ և նախապատրաստում է պատանիներին արագ զարգացող աշխարհի մարտահրավերներին։
Կարծիքներ