Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք չի մտել․ Տոյվո Կլաար

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը Լաչինի միջանցք չի մտել․ Տոյվո Կլաար

Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը պարզաբանում է ներկայացրել տեսանյութի առնչությամբ, որում երևում էր, թե ինչպես են Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչներն աշխատում Լաչինի միջանցք տանող ճանապարհին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Կլաարը թեմայի վերաբերյալ գրառում է արել «Թվիթեր»-ի իր էջում։

«Տարածվում է տեսանյութ, թե ինչպես են ԵՄ դիտորդները դիտարկում Լաչինի միջանցք տանող ճանապարհը։ Այդ պահին նրանք գտնվել են հսկիչ-անցագրային կետի մոտ՝ հայ-ադրբեջանական սահմանից մոտավորապես 1․2 կիլոմետր հեռավորության վրա։ ԵՄ դիտորդական առաքելությունը՝ իր մանդատին համապատասխան, աշխատում է բացառապես Հայաստանի տարածքում և Լաչինի միջանցք չի մտել»,- պարզաբանել է Կլաարը։

Ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայացուցիչների աշխատանքը ոչ հեռու այն հատվածից, որտեղից փակ է Լաչինի միջանցք տանող ճանապարհը։

Դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ` բնապահպանական պատճառաբանություններով, փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ Լաչինի միջանցքը։ Հարյուրավոր քաղաքացիներ, այդ թվում`անչափահասներ, Լաչինի միջանցքի փակ լինելու պատճառով չեն կարողանում տուն վերադառնալ: Ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։

Ադրբեջանը դեկտեմբերի 13-ից խափանել էր նաև Արցախի Հանրապետության գազամատակարարումը: Դեկտեմբերի 16-ին գազամատակարարումը վերականգնվել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում