Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը, ևս երեքը դեռ կա. Արսեն Բեգլարյան
Հայաստանի գավաթի եզրափակիչում «Արարատ-Արմենիան» մեծագույն ջանքերի գնով առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ ծնկի բերելով մրցակցին միայն 11-մետրանոց հարվածաշարում։ Սովորաբար, ֆուտբոլային այս «վիճակախաղում» ամեն ինչ վճռում են նյարդերը, ավելի ճիշտ՝ դրանց ամրությունը, հավատն ու վստահությունը սեփական ուժերի նկատմամբ։ Նման իրավիճակներում պատասխանատվության մեծագույն բեռն ընկնում է դարպասապահի վրա։ Այս խաղում հերոսացած Արսեն Բեգլարյանի համար կրկնակի, նույնիսկ եռակի ու քառակի ծանր էր։ Նախ, Բեգլարյանն առաջին անգամ էր դուրս գալիս խաղադաշտ գավաթի եզրափակիչում, որպես հիմնական կազմի ֆուտբոլիստ։ Դրան գումարում ենք լարվածությունը նախկին թիմի ու թիմակիցների դեմ խաղալիս ու ստացած ծանր վնասվածքը։
Այս ամենի մասին Armsport-ը զրուցել է Հայաստանի ազգային թիմի դարպասապահի հետ։ Արսեն Բեգլարյանն ասում է, որ գավաթում հաղթանակը կարևոր է ցանկացած ֆուտբոլիստի համար, և նույնիսկ ծանր վնասվածքները չեն կարող խանգարել նպատակին հասնելու համար։
Արսեն, նախ թույլ տուր շնորհավորել Հայաստանի գավաթակիր դառնալու կապակցությամբ: Նախ զգացողություններիդ մասին: Ինչպե՞ս ես քեզ զգում հիմա, ի՞նչ էիր զգում երբ խաղն ավարտվեց։
— Շատ շնորհակալ եմ շնորհավորանքների համար։ Իհարկե, տիտղոս նվաճելը շատ հաճելի է, իսկ գավաթը՝ այն էլ 11-մետրանոց հարվածաշարում, որպես հիմնական դարպասապահ է՛լ ավելի հզոր փորձ ու զգացողություն է: Ես շատ ուրախ եմ, որ մեզ հաջողվեց դա իրականացնել: Մեր ուղին շատ բարդ էր։ Եթե նկատել եք, մեր մրցակիցները գավաթի այս տարվա խաղարկությունում Հայաստանի 4 ուժեղագույն թիմերն էին։ Սա հատկապես նշանակալի է դարձնում մեր վերջնական հաղթանակը, մենք իսկապես հաղթեցինք բոլոր ուժեղագույններին և արժանիորեն նվաճեցինք պատվավոր գավաթը։
Արսեն, այս մրցաշրջանում ոչ միշտ ես խաղացել հիմնական կազմում։ Բացի դրանից, առաջին անգամ նվաճեցիր գավաթը` լինելով հիմնական կազմի ֆուտբոլիստ, որքա՞ն են տարբեր էմոցիաները։
— Անկեղծ ասած, չեմ էլ մտածել այս վիճակագրության մասին: Մեկ տարի առաջ ինձ համար կարևոր էր նվաճել գավաթն՝ անկախ ամեն ինչից և ամեն գնով, քանի որ ես դեռ գավաթակիր չէի դարձել։ Բայց, իհարկե, յուրաքանչյուր ֆուտբոլիստ ձգտում է խաղադաշտում լինել բոլոր կարևոր հանդիպումներին, և ես ու իմ թիմակիցներն ամեն օր աշխատում ենք դրա համար։ Շնորհակալ եմ մարզչական շտաբին նման կարևոր հանդիպում ինձ վստահելու համար։
Արսեն, կար վիճակագրություն, ըստ որի, երբ դու դարպասում ես, քո թիմը պարտվում է 0-2 հաշվով: Գիտեի՞ր դրա մասին: Ինչպե՞ս է հնարավոր հաղթահարել նման կարգի վիճակագրական խնդիրները:
— Այո, ճիշտ է։ Սա ես նկատել եմ մոտ մեկ տարի առաջ՝ եզրափակիչ «Շիրակ» — «Ուրարտու» խաղից առաջ։ Իհարկե, ամենահաճելի վիճակագրություններից չէ, բայց անձամբ ես չպետք է մտածեի դրա մասին։ Հիմա, համենայնդեպս, դրա մասին այլևս չեմ մտածելու, քանի որ դա արդեն անցյալում է։ Պետք է մտածել, թե ինչի՞ վրա կարող ես ազդել, ինչո՞վ կարող ես օգնել թիմակիցներիդ՝ խաղը բեկելու տեանկյունից։ Կարծում եմ՝ հենց այսպես պետք է գործել նման իրավիճակներում։
Որքանով էր հեշտ խաղալ քո նախկին թիմի և թիմակիցների դեմ: Օգնե՞ց դա 11-մետրանոց հարվածաշարում:
— Եզրափակիչը բոլորովին այլ հանդիպում է, շատ է տարբերվում մյուսներից։ Ուստի, դասական դիտարկումները, վերլուծությունները, որոնք ես ու մեր թիմն անում ենք, հիմնականում չեն աշխատում։ Իհարկե, հիշում եմ իմ նախկին թիմակիցների խաղաոճերից որոշ դրվագներ, որոշ մանրամասներ, ես դրանք մտապահել էի իմ գլխում, բայց խաղում դրա կարիքը գրեթե չզգացվեց կամ շատ քիչ զգացվեց։ Ինչ վերաբերում է 11-մետրանոց հարվածաշարին, չեմ կարող ասել, որ դա ինձ օգնեց կամ չօգնեց։ Մարզումների ժամանակ, երբ «Ուրարտուի» կազմում էի, Նարեկ Գրիգորյանի և Արման Ղազարյանի հետ էի հաճախ 11-մետրանոց հարվածներ փորձարկում, բայց Նարեկն այլևս թիմում չէր, և Արմանին հերթը չհասավ։ Ես ուզում եմ արժանին մատուցել մեր մյուս ֆուտբոլիստներին։ Տենտոնը խնդրեց, որ մեկ հարված հետ մղեմ միայն։ Նա ասաց, որ տղաները կարող են բոլոր հարվածները դիպուկ իրացնել։ Եվ այդպես էլ եղավ, նրանք փայլուն հարվածաշար անցկացրին, բոլոր հարվածները կատարվեցին հիանալի։
Առաջիկայում սպասվում է կարևոր հատված ներքին առաջնությունում: Թեպետ ԱԱ-ն երրորդ տեղում է, բայց ինչպե՞ս կազդի գավաթում հաղթանակը հետագա ելույթների վրա:
— Այո, մենք հիմա 3-րդ տեղում ենք, բայց ամեն ինչ մեր ձեռքերում է, եթե կարողանանք անել այն, ինչ կախված է մեզանից, ապա առաջնությունում հաղթելու շանսերը շատ բարձր կլինեն։ Վստահ եմ, որ գավաթը նվաճելը մեզ պետք է օգնի, քանի որ մրցաշրջանի այս փուլում առաջին պլան է մղվում հոգեբանությունը։ Եվ այս դրական հույզերը մեզ լրացուցիչ ուժ կտան չեմպիոնական առաջիկա մրցավազքում։ Մենք հաղթեցինք եզրափակիչներից մեկը։ Առջևում մեզ սպասվում է ևս 3 եզրափակիչ։
Ինչպես ես քեզ զգում վնասվածքից հետո: Որքա՞ն դժվար էր նման վնասվածքով խաղալը։ Ու ամենակարևորը՝ ինչպե՞ս կարողացար համոզել մարզչին մնալ խաղադաշտում։
— Լուրջ խնդիր ունեի ուսիս հետ, հիմնական հարվածն ընկավ այդ հատվածում։ Բժիշկները հիանալի աշխատանք կատարեցին, օգնություն ցույց տվեցին, ստուգեցին իմ վիճակը և հաստատեցին, որ կարող եմ շարունակել հանդիպումը։ Մարզիչները հետաքրքվում էին հանդիպման ժամանակ իմ ինքնազգացողությամբ, ես լավ էի, զգում էի, որ կարող եմ շարունակել։ Զգացմունքներն ու ադրենալինը, սովորաբար, օգնում են նման իրավիճակում հաղթահարել ցավը, ես ուրախ եմ, որ ամեն ինչ լավ ավարտվեց:
Կարծիքներ