Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է. Արայիկ Հարությունյան

Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է. Արայիկ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 19-ին տեսաուղերձի միջոցով անդրադարձավ Արցախին սպառնացող մարտահրավերներին՝ նշելով, որ իրենք ջանք ու եռանդ չեն խնայել և չեն խնայելու պաշտպանության սեփական համակարգն իրենց հնարավորությունների սահմաններում արդիականացնելու և իրենց առաջ կանգնած մարտահրավերներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հարությունյանն ասաց՝ ցանկանում են խաղաղություն ու կայունություն ողջ տարածաշրջանում, սակայն, հաշվի առնելով ադրբեջանական սպառնալիքները, իրավունք ունեն և պարտավոր են մտածել նաև ինքնապաշտպանական կարողությունների ու հնարավորությունների մասին:

«Քաղաքացիական պաշտպանության համակարգի բարելավման ուղղությամբ ևս մեծ անելիքներ կան: Թեև վերջին երկու տարվա ընթացքում զգալի ջանքեր ու ռեսուրսներ են ներդրվել քաղաքացիական պաշտպանության հիմնականում այնպիսի ուղղություններով, որոնք քիչ նկատելի են լայն հասարակության համար, այդուհանդերձ, այն կրելու է շարունակական բնույթ և առաջիկայում ավելի մեծ ուշադրություն է դարձվելու ներքին անվտանգության այդ բաղադրիչին:

Բանակցությունների միջոցով պիտի լուծվեն ոչ միայն Արցախ-Ադրբեջան, այլև Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում առկա խնդիրները, և այդ մոտեցմանը պետք է անկեղծ կողմնակից լինի նաև Ադրբեջանը՝ հավատարմություն ցուցաբերելով բոլոր կողմերի շահերի ու իրավունքների հարգման և ուժի կիրառման բացառման սկզբունքներին»,-նշեց Հարությունյանը:

Ըստ նրա՝ պետք է հնարավորինս ջանքեր գործադրել երկարաժամկետ խաղաղության երաշխավորման ուղղությամբ, որը հնարավորություն կտա Արցախը պահել հայկական ու թևակոխել ժողովրդագրական կայուն աճի փուլ:

Արցախի նախագահի խոսքով՝ այդ նպատակին են ուղղված եղել իրենց բազմաթիվ գործողություններ, այդ թվում՝ հետպատերազմյան ժամանակահատվածում արված իր կոչն ուղղված ժողովրդին՝ վերադառնալու և բնակվելու Արցախում: «Որքան էլ տարաբնույթ դժվարություններ ու անվտանգային ռիսկեր ծագեն, միևնույն է, Արցախը հայկական պահելու միակ ուղին Արցախում ապրելն ու արարելն է, իսկ ի լրումն միջազգային ու պետական երաշխիքների ու ջանքերի՝ Արցախում բնակվող յուրաքանչյուր անձ ևս պետք է պատրաստ լինի ստանձնելու Արցախը հայկական պահելու սուրբ գործի իր բաժին ռիսկն ու պատասխանատվությունը. մեր հազարավոր քույրերն ու եղբայրները այդ նպատակով զոհաբերել են իրենց ամենաթանկը:

Այդ համատեքստում կուզեի ընդգծել, որ իմ ընտանիքը մշտապես բնակվել է ու կբնակվի Արցախում, և ես կարող եմ երաշխավորել յուրաքանչյուր արցախաբնակ ընտանիքի անվտանգությունն այնքանով, որքանով երաշխավորում եմ իմ սեփական ընտանիքի անվտանգությունը»,-ասաց նախագահը:

Նա հավաստիացրեց՝ Արցախի հայկական ապագայի երաշխավորման գործում յուրաքանչյուր անձի ու ընտանիքի վաստակի առաջնահերթ դրսևորումը հենց Արցախում ապրելն ու գործելն է, իսկ դրա գինը՝ առերեսվող դժվարություններն ու խնդիրները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում