«Անվտանգ միջավայրի ապահովումը որակյալ կրթության կարևոր բաղկացուցիչ է». Արաքսիա Սվաջյան

«Անվտանգ  միջավայրի ապահովումը որակյալ կրթության կարևոր բաղկացուցիչ է». Արաքսիա Սվաջյան

Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հանդես է եկել մամուլի ասուլիսով, որի ընթացքում ներկայացրել է նախադպրոցական հաստատությունների լիցենզավորման պահանջները: Նա պատասխանել է նաև ոլորտային մի շարք հարցերի վերաբերյալ ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին:

Կամավոր ատեստավորման կարգում նախատեսվում են մի շարք փոփոխություններ

Ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ ավարտվել է ուսուցիչների՝ այս տարվա կամավոր ատեստավորումը. գործընթացն այժմ ամփոփման փուլում է: «Այս տարվա տվյալներով հայտագրվել էր 6320 անձ, որից ատեստավորմանը մասնակցել է 4323-ը: 90-100 % արդյունք գրանցել է 240-ը, 80-89 %՝ 700, 70-79 %՝ 1020, 60-69 %՝ 680, իսկ մինչև 59 %՝ 1400 մասնակից»,- տեղեկացրել է փոխնախարարը:

Արաքսիա Սվաջյանն իրազեկել է, որ շրջանառվում է կամավոր ատեստավորման կարգի փոփոխություն. եթե նախկինում 60-69 տոկոս արդյունք ցուցաբերելու դեպքում դրույքաչափի փոփոխություն նախատեսված չէր, ապա այժմ շրջանառվող նախագծով դրույքաչափը կբարձրանա 200.000, բայց հավելավճար չի տրվի:

«Նաև, հաշվի առնելով կրթական համակարգի համար առաջացող խնդիրները և այն հանգամանքը, որ գործընթացն ուսուցիչների համար նոր է, շրջանառվող նախագծում մի քանի ցուցանիշներ են մշակվել: Ըստ այդմ՝ երկու տարի ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչներին 3-րդ հնարավորություն կտրվի, եթե ցուցաբերել են 50-59 տոկոս արդյունք և երկու տարվա ընթացքում գրանցել են առնվազն 15 տոկոս աճ»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

Կամավոր ատեստավորման թեստերի վերաբերյալ ԿԳՄՍ նախարարի տեղակալը հայտնել է, որ ըստ արձագանքների՝ հիմնական խնդիրները ոչ թե դրանց բարդությունից են, այլ ժամանակի սղությունից. «Մենք ստուգում ենք ուսուցիչների ոչ թե արագությունը, այլ առարկայական գիտելիքի իմացությունը, հետևաբար թեստերը կվերանայվեն և կկառուցվեն այնպես, որ հնարավոր լինի հաղթահարել սահմանված ժամանակում»:

Նոր դասագրքերն ամբողջությամբ բաշխվել են դպրոցներին

Արաքսիա Սվաջյանը հայտնել է, որ հանրապետության բոլոր դպրոցներն արդեն իսկ ստացել են նոր չափորոշչի ներդրման շրջանակում 2-րդ, 5-րդ և 7-րդ դասարանների համար նախատեսված նոր դասագրքերը: Այն առարկաների ուսուցումը, որոնց համար նոր դասագրքերը չեն ստեղծվել, իրականացվում է նախկին դասագրքերով և նոր չափորոշիչներով սահմանված ուսումնական նյութերով:

ԿԳՄՍ փոխնախարարն իրազեկել է նաև, որ նշյալ դասարաններում բացակա, ինչպես նաև 3-րդ, 6-րդ, 8-րդ դասարանների դասագրքերի մրցույթը հայտարարված է և նախարարությունն այժմ սպասում է հեղինակային խմբերի հայտերին:

Դասագրքերի ստեղծման փորձաքննության կարգում ևս փոփոխություն է շրջանառվում ըստ որի՝ փորձաքննության գործընթացը կլավարկվի:

Վերանայվել է կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման կարգը

Արաքսիա Սվաջյանն անդրադարձել է նաև կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերման կարգին, որի գործարկման հետ կապված խնդիրներ կային:

«Խնդիրների ուսումնասիրության արդյունքում կարգն ամբողջովին խմբագրվել է և հաստատվել է Կառավարության որոշմամբ: Այն հնարավորություն է տալիս միջգերատեսչական համագործակցության միջոցով ապահովելու իրավիճակ, որ որևէ երեխա կրթությունից դուրս չմնա: Առանձնացված է երկու խումբ՝ երեխաներ, որոնք դպրոց են հաճախել, սակայն ինչ-ինչ պատճառով դուրս են մնացել կրթական գործընթացից և երեխաներ, որոնք գտնվում են ռիսկի գոտում: Վերջին խումբն այն երեխաներն են, որոնք հաճախումների խնդիր ունեն: Եթե երեխան 6 օր բացակայում է՝ առանց հիմնավորման, դպրոցը ավտոմատ հայտ է բացում, որն ուղղվում է երեխայի խնամքի առաջին օղակին՝ համայնքին: Տարբեր կառույցների հետ համագործակցությամբ ուսումնասիրություն է կատարվում՝ հայտնաբերելու խնդիրներն ու ապահովելու երեխայի ուսումնական գործընթացի շարունակականությունը»:

Բոլոր դպրոցների սովորողների տվյալները գրանցված են Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում: Տարեկան 2 անգամ՝ սեպտեմբեր և հունվար ամիսներին, երեխաների տվյալները համեմատվելու են դպրոցում սովորողների և միգրացիոն ծառայության տվյալների հետ, և ըստ այդմ պարզ կդառնա դպրոցից դուրս մնացածների թիվը:

Ինչ քայլեր է ձեռնարկում նախարարությունը կանխելու կամ բացառելու համար դպրոցներում բուլինգի երևույթը

«Որակյալ կրթության բաղկացուցիչ է ոչ միայն լավ դասավանդումը, այլև երեխաների համար ապահով և անվտանգ կրթական միջավայրի ապահովումը, ինչին ուղղված մի շարք գործընթացներ են իրականացվում: Այս տարվա սեպտեմբերից հանրապետության բոլոր դպրոցներում ներդրվել է հոգեբանի հաստիքը, որի ուղիղ գործառույթներից է հոգեբանական առողջ միջավայրի ստեղծումն ու բուլինգի հայտնաբերումը: Բացի այդ, ՀՄԿ-ում արդեն մի քանի տարի է՝ վերապատրաստումներ են իրականացվում թե՛ ՏՄԱԿ-ների և թե՛ դպրոցների մանկավարժների կարողությունների ու արձագանքման մեխանիզմների ուժեղացման նպատակով: Այս պահին միջազգային գործընկերների հետ մշակվում է ուղեցույց, որը միտված է դպրոցներում բռնության և բուլինգի նվազեցմանը: Այս հարցը համակողմանի աշխատանք է պահանջում, որում կարևոր է նաև ծնողների դերը»,- հարցի առնչությամբ տեղեկացրել է Արաքսիա Սվաջյանը:

Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգի փոփոխություն

Տրանսպորտային ծախսի փոխհատուցման կարգը ևս բարելավվել է. հիմնական ցուցանիշները վերաբերում են ուսուցիչներին, որոնք կես դրույքից ավելի ծանրաբեռնվածություն ունեն և 5 կմ-ից ավելի հեռու են գտնվում ուսումնական հաստատությունից: Դպրոցի մյուս աշխատակիցների համար ևս հստակեցվել է ժամանակացույցը, թե երբ կարող են օգտվել ծառայությունից: Ծրագիրը վերաբերում է միայն մարզային դպրոցներին:

Փոխհատուցում տրվում է նաև սովորողների համար, եթե տվյալ բնակավայրում չկա կրթական հաստատություն: Ամենակարևոր փոփոխությունը, սակայն, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանի՝ բաժանորդային ծրագրի շրջանակում երեխաների տեղափոխման համար տրանսպորտային փոխադրության նպատակով միջոցների տրամադրումն է: Սահմանված են նաև իրավական ակտերը, որոնց պայմաններում միայն պետք է վարորդն իրավունք ունենա փոխադրել սովորողներին՝ խուսափելու վթարներից և ապահովելու անվտանգությունը:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղափոխված 17.000 երեխա արդեն իսկ հաճախում է դպրոցներ

ԼՂ-ից բռնի տեղահանված ուսուցիչների համար ԿԳՄՍ նախարարության կողմից գործարկված ծրագիրը գործում է մարզերում: «Երեկվա տվյալներով 140 ուսուցիչ դիմել են ծրագրով, 90-ն արդեն ուղեգրված են: Ցանկում ներառված չեն Երևանի դպրոցներում աշխատող ուսուցիչները, քանի որ ծրագիրը նախատեսված է մարզերի համար: Ամենաշատը Կոտայքի մարզում են ուսուցիչներ հայտագրվել, երկրորդ տեղում Լոռին է, հետո՝ Արարատն ու Արմավիրը»,- իրազեկել է Արաքսիա Սվաջյանը:

Աշխատանքներ են իրականացվում նաև երեխաների հոգեբանական խնդիրների գնահատման և բաց թողած դասերի լրացման ուղղությամբ: Ըստ փոխնախարարի՝ ի սկզբանե ՏՄԱԿ-ները սերտորեն աշխատել են դպրոցների հետ՝ աջակցելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաներին: Նրանց կարիքները գնահատվում են և լրացուցիչ աշխատանքներ են իրականցվում բաց թողած դասերը լրացնելու նպատակով: Կա ակտիվ համագործակցություն նաև ոլորտում միջազգային և հասարակական կազմակերպությունների հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում