Անդրեասյանը և Ֆրանսիայի մշակույթի նախարարը քննարկել են ԼՂ-ում մշակութային ժառանգության պաշտպանության խնդիրը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը քննարկել են Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութային ժառանգության պաշտպանության հարցը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ հոկտեմբերի 26-ին Մատենադարանում Ֆրանսիայի մշակույթի նախարարի հետ համատեղ ասուլիսի ընթացքում։
«Այս թեման այսօրվա քննարկման կարևորագույն թեմաներից էր, որի մասին մենք շարունակելու ենք խոսել այցի օրերի շրջանակներում։ Պետք է փորձենք գտնել միջազգային այն գործուն մեխանիզմները, որոնք կօգնեն թե բարձրացնել իրազեկվածությունը, և թե դրանով իսկ կօգնեն բարձրացնել նաև պաշտպանվածությունը»,- նշեց ԿԳՄՍ նախարարը՝ կարևորագույն խնդիրներից համարելով ԼՂ-ում մշակութային ժառանգության վտանգվածության հարցը։
Նա ընդգծեց, որ 2020 թվականից ի վեր չի հաջողվում միջազգային առաքելություն ուղարկել, որը կկարողանար փաստագրել մշակութային ժառանգության հետ կապված իրավիճակը ԼՂ-ում, և այս խնդիրն էլ ավելի է սրվել բռնի տեղահանումից հետո։
«Հինգ հազարից ավելի հուշարձաններ, 20-ից ավելի թանգարաններ մնացել են ԼՂ տարածքում, և այս արժեքների պաշտպանությունը մեր ամենակարևոր խնդիրներից է»,-շեշտեց Անդրեասյանը՝ կարևորելով նաև վտանգված ոչ նյութական մշակութային ժառանգության խնդրի լուծումը։
Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը, անդրադառնալով թեմային, իրազեկեց, որ ԼՂ-ում մշակութային ժառանգության հարցով իրենց կողմից պաշտոնական հայց է ներկայացվել ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս կարողանա թույլտվություն ձեռք բերել՝ այցելելու այդ տարածքներ և արձանագրելու բոլոր այն պատմամշակութային նմուշները, որոնք հայկական են։
«Այդպիսով մենք կկարողանանք նույնականացնել և պատկերացում կկազմենք եղածի մասին։ Մեր պատվիրակության կազմում ՀՀ-ում է գտնվում նաև Վալերի Ֆրելանը, որը հակամարտությունների գոտիներում ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի (ԱԼԻՖ) գործադիր տնօրենն է։ ԱԼԻՖ-ը կարողացել է արբանյակային տարբեր պատկերներ լուսանկարել, և արդեն գոյացել է տվյալների բազան այն ամենի մասին՝ ինչ է մնացել և ինչ վիճակում է գտնվում, այսինքն՝ նմուշների աղավաղված վիճակը։ Ֆրանսիան ԱԼԻՖ-ի օգնությամբ դա ի կատար է ածել»,-մանրամասնեց Ֆրանսիայի մշակույթի նախարարը։
Կարծիքներ