Մեկնարկել է անչափահասների մասնակցությամբ քրեական վարույթներում ներգրավվող հոգեբանների վերապատրաստման ծրագիրը
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի մասնակցությամբ նոյեմբերի 2-ին մեկնարկել է «Քրեական դատավարության գործընթացում երեխայազգայուն և գենդերային զգայուն կարողությունների և աջակցող ծառայությունների զարգացում տուժող և վկա երեխաների համար» ծրագիրը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարարությունը:
Այն իրականացվում է Արդարադատության նախարարության, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի հետ սերտ համագործակցությամբ:
Ողջույնի խոսքում փոխնախարարը նշել է, որ մեծ ազդեցություն ունեցող այս ծրագրի մեկնարկը վկայությունն է Արդարադատության նախարարության և միջազգային գործընկերների ներդաշնակ համագործակցության:
Քրիստիննե Գրիգորյանն ընդգծել է, որ երեխայակենտրոն արդարադատության համակարգի ձևավորման գործընթացում կարևոր քայլ է որակավորված հոգեբանի ներգրավման ինստիտուտի ներդրումը և վստահություն հայտնել, որ աջակցող միջազգային կառույցների փորձի և նախարարության ներդրած ջանքերի շնորհիվ ծրագիրը հաջողելու է:
Փոխնախարար Գրիգորյանը որպես ծրագրի կարևոր կետ ընդգծել է կարողությունների ինստիտուցիոնալացումը՝ վերապատրաստվող հոգեբանների կողմից իրենց ստացած գիտելիքների հետագա տարածման արդյունքում:
Ամփոփելով խոսքը՝ փոխնախարարը ևս մեկ անգամ շնորհակալություն է հատնել միջազգային գործընկերներին և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի
իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի անձնակազմին նվիրված աշխատանքի համար:
Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդն իր հերթին շնորհակալություն է հայտնել գործընկերներին ծրագրի մեկնարկին մասնակցության հրավերի համար և նշել, որ միջազգային փորձից հայտնի է, որ հանցագործությունից տուժած կամ վկա անչափահասներն արդարադատության համակարգերի կողմից հաճախ կրկնակի զոհայնացվում են և այդ համակարգերը հիմնականում հարմարեցված չեն անչափահասների կարիքներին: Այդ համատեքստում Վայգանդը բարձր է գնահատել տևական համագործակցությունն Արդարադատության նախարարության և Անչափահասների արդարադատության խորհրդի միջև ուղղված երեխաների լավագույն շահի պաշտպանության ամրապնդմանը:
Քրիսթինե Վայգանդն իր խոսքում անդրադարձել է նաև Քրեական դատավարության օրենսգրքում կատարված վերջին փոփոխություններին, որով սահմանվել է երեխաների հարցաքննությանը հոգեբանների մասնակցությունը, որակելով այն կարևորագույն քայլ Հայաստանի կողմից՝ ի կատարումն հանցագործությունից տուժած կամ վկա երեխաներին առնչվող արդարադատության վերաբերյալ ՄԱԿ-ի ուղենիշներին:
ՄԱԿ-ի վերոնշյալ ուղենիշները կոչ են անում սահմանել վերապատրաստված մասնագետների ներգրավվում և հարցաքնության ու գնահատման այնպիսի մոտեցումներ, որոնցով նվազագույնի կհասցվի երեխային պատճառվող վնասը և առավելագույնի կհասցվի երեխայից ստացվող տեղեկատվության որակը:
Ամփոփելով խոսքը՝ Քրիսթինե Վայգանդը շնորհավորել է Արդարադատության նախարարությանը և Անչափահասների արդարադատության խորհրդին համատեղ իրականացվող ծրագրի մեկնարկի կապակցությամբ և ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հանձնառությունն է հայտնել հետագա համագործակցության համար՝ ուղղված երեխայի լավագույն շահի ամրապնդմանը:
ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ծովինար Հարությունյանն իր հերթին ևս գոհունակություն է հայտնել Արդարադատության նախարարության հետ երկարամյա սերտ համագործակցության համար՝ նշելով, որ նման ծրագրի իրականացումը հավելյալ երաշխիքներ կստեղծի ընտանիքում բռնության ենթարկված անձանց կրկնակի զոհացման ենթարկվելուց պաշտպանելու համար:
Հաջորդիվ՝ Արդարադատության նախարարության Քրեական օրենսդրության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը մասնակիցներին ներկայացրել է քրեական դատավարության գործընթացում հոգեբանի ներգրավման օրենսդրական բարեփոխումները, Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի արդարադատության մատչելիության ծրագրի համակարգող Հայկ Խեմչյանը՝ անչափահասներին կրկնակի զոհայնացումից պաշտպանության հիմնական ուղղությունները և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Արտակ Ղուլյանը՝ անչափահասի, անգործունակի կամ հոգեկան առողջության խնդիր ունեցող անձի մասնակցությամբ, ինչպես նաև ընտանեկան բռնության գործերով քննչական գործողության կատարմանը ներգրավվող հոգեբանների վերապատրաստման դասընթացի հակիրճ նկարագիրը:
Կարծիքներ