Պեսկովը` ՆԱՏՕ-ի ընդլայնման մասին
ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը, ներառյալ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը դաշինքին, չի նպաստի Եվրոպայում անվտանգությանը: Այս մասին երկուշաբթի լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով այս երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հեռանկարների մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դաշինքն ինքնին ավելի շուտ առճակատմանն ուղղված գործիք է: Սա խաղաղություն և կայունություն ապահովող դաշինք չէ: Դաշինքի հետագա ընդլայնումը, իհարկե, լրացուցիչ անվտանգություն չի բերի եվրոպական մայրցամաքին», - ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս տարվա ամռանը միանալ ՆԱՏՕ-ին։ Այս մասին հայտնում է բրիտանական Times թերթը՝ աղբյուրներին հղումով։ Ինչպես գրում է պարբերականը, անանուն ամերիկյան պաշտոնյաների խոսքով՝ այս երկրների անդամակցությունը դաշինքին ՆԱՏՕ-ին անդամակցող երկրների արտգործնախարարների բազմաթիվ հանդիպումների ու քննարկումների թեման է դարձել։
«Ակնկալվում է, որ Ֆինլանդիան անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, իսկ նրան կհաջորդի Շվեդիան», - գրում է պարբերականը։
Ինչպես հայտարարել են թերթի հարցմանը մասնակցած եվրոպացի դիվանագետները, այս երկրների անդամակցությունը դաշինքին կընդլայնի ՆԱՏՕ-ի հնարավորությունները, հատկապես՝ հետախուզական տեղեկատվության հավաքագրման և ռազմաօդային ուժերի հզորացման ոլորտներում։ Դիվանագետներից մեկի խոսքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան «իրական խաղացողներ» կլինեն դաշինքում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Ֆինլանդիան և Շվեդիան կարող են հույս դնել ՆԱՏՕ-ին արագացված ընթացակարգով անդամակցելու վրա։
Կարծիքներ