Հունգարիայի խորհրդարանը վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի դիմումը
Հունգարիայի խորհրդարանը գարնանային նստաշրջանի առաջին նիստում վավերացրել է ՆԱՏՕ-ին անդամակցելու Շվեդիայի հայտը։ Վերջնական քվեարկության ժամանակ կողմ է եղել 188 պատգամավոր, դեմ՝ 6-ը, չի քվեարկել 4 պատգամավոր։
Այն բանից հետո, երբ Թուրքիան հունվարին վավերացրել էր դաշինքին Շվեդիայի անդամակցությունը, Հունգարիան վերջին դաշնակից երկիրն էր մնացել, որը դա չէր արել: Վավերացվելուց հետո այդ երկիրը պաշտոնապես կդառնա ՆԱՏՕ-ի 32-րդ անդամը:
Նոր դաշնակցի՝ Հյուսիսատլանտյան պայմանագրին միանալու արարողությունը սովորաբար տեղի է ունենում Բրյուսելում գտնվող ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում: Արարողությանը ստորագրվում են փաստաթղթեր և բարձրացվում է դաշինքի նոր անդամի դրոշը։ Այնուհետև միանալու փաստաթուղթն ի պահ է հանձնվում Միացյալ Նահանգներին՝ այդպիսով ավարտելով դաշինքին միանալու պաշտոնական ընթացակարգը:
Հելսինկին և Ստոկհոլմը ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էին ներկայացրել Ուկրաինայում ռուսական հատուկ գործողության մեկնարկից հետո։ Ֆինլանդիան 2023 թվականի ապրիլի 4-ին պաշտոնապես դարձել էր դաշինքի 31-րդ անդամը։
Կարծիքներ