Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա. Փաշինյան

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա. Փաշինյան

Իրական Հայաստանի գաղափարախոսությունը կամ նախագծի 14 հիմնական դրույթներից 5-րդը մարդու՝ բարձրագույն արժեք լինելու մասին է:

 

Այս մասին, ժողովրդին ուղղված ուղերձում ասել է վարչապետը։

 

Դրույթ համար 5.

Մարդը բարձրագույն արժեք է: Սա նշանակում է, որ մարդու առաջնային կարիքները հոգալն առաջնահերթություն է

Հացի, փողի, հարստության, լավ ապրելու մասին խոսույթի ներառումը քաղաքական գաղափարախոսության մեջ անսովոր է մեր քաղաքական կյանքի համար և կարող է գնահատվել որպես «բարձր քաղաքականության» արժեզրկում:

«Բարձր արժեքների վրա հիմնված քաղաքականությունները», սակայն, երբեմն տեսադաշտից բաց են թողնում արժեքներից բարձրագույնին՝ մարդուն, նրա ամենօրյա կենսական կարիքները, ապրելու և կյանքը վայելելու նրա բնական մղումը: Սույն գաղափարախոսության առանձնահատկությունը մարդուն և նրա կարիքներն առանցքում դնելու գործնական մոտեցումն է՝ այն ըմբռնմամբ, որ մարդու կարիքները հենց ինքը մարդը նախևառաջ պետք է հոգա և պետական քաղաքականություններն ուղղված պետք է լինեն մարդուն դրա համար անհրաժեշտ կրթությամբ, հմտություններով, կարողություններով, գիտելիքով օժտելուն, մարդու տաղանդը զարգացնելուն և դրա իրացման համար անհրաժեշտ հնարավորություններ ու միջավայր ձևավորելուն:

 

Հոգևոր, մշակութային արժեքները նույնպես դիտարկվում են այս դիտանկյունից: Այդ արժեքներն ունեն ոչ թե երկնային նշանակություն, այլ մարդու կենսական կարիքների անբաժան մաս են, որովհետև մարդն ունի ինչպես նյութական, կենցաղային, այնպես էլ հոգևոր-մշակութային կարիքներ և արժեքներն արժեքավոր են այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են մարդուն մոտիվացնելու, ներդաշնակ դարձնելու, երջանկությունն ապահովելու համար:

 

Այս իմաստով, կարևոր են մարդու ազգային և պետական ինքնությունը, ազգային և պետական արժեքները, որոնցից մի մասի հետ մարդն առնչվում է անմիջապես, մյուս մասը մարդու համար գոյություն ունի որպես գիտակցություն, որպես համոզմունք: Իրական Հայաստանի գաղափարախոսությունը հիմնված է հայ ժողովրդի ազգային արժեքների վրա:

 

Ըստ այդմ, հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) ազգային արժեքներն են՝

 

- Հայաստանի Հանրապետությունը:

 

- ՀՀ անկախությունը, ինքնիշխանությունը, քաղաքացիությունը, ժողովրդավարությունը, բանակը:

 

- Հայաստանի պատմությունը, հայ բանահյուսությունը. էպոսը, հավատալիքները, լեգենդները, առասպելները:

 

- Հայոց լեզուն և գրերը, հայ գրականությունը, ներառյալ թարգմանական գրականությունը, գիտելիքը, գիտությունը:

 

- Համահայկական ներուժը, հայկական սփյուռքը:

 

- Հայրենիքը, ընտանիքը, անհատը:

 

- Հայ Առաքելական սուրբ եկեղեցին, Հայ Կաթողիկե եկեղեցին, Հայ Ավետարանական եկեղեցին. Քրիստոնեությունը:

 

- Հայ աշուղական, գուսանական, ժողովրդական, դասական, հեղինակային և էստրադային երաժշտությունը, հայկական պարարվեստը, հայկական կերպարվեստը, հայկական բեմարվեստը, հայկական ճարտարապետությունը:

 

- Հայրենի բնաշխարհը՝ իր կենսաբազմազանությամբ:

 

- Առաջադիմությունը, ազատասիրությունը, ինքնասիրությունը, հյուրասիրությունը, կրթասիրությունը, աշխատասիրությունը, օրինապահությունը, մարդասիրությունը, հարգանքը և հանդուրժողականությունն ուրիշ մարդկանց, ժողովուրդների, կրոնների նկատմամբ:

 

- Տարածաշրջանային պատկանելությունը, համաշխարհային քաղաքակրթությունը, տարածաշրջանային, դասական և ժամանակակից մշակույթը,

 

- Եղբայրական զգացումները և հարաբերությունները ՀՀ ազգային փոքրամասնությունների նկատմամբ և անքակտելի միությունը նրանց հետ՝ արտահայտված Հայաստանի Հանրապետության քաղաքացիությամբ: Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ավանդույթները, կրոնները, հավատալիքները:

 

- Հայկական խոհանոցը, նյութական և ոչ նյութական ժառանգության բոլոր այն նմուշները, որոնք արտահայտում, պատկերում, նկարագրում կամ խորհրդանշում են հայ ժողովրդի (Հայաստանի Հանրապետության) վերը նկարագրված ազգային արժեքները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում