Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է

Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է

Ոստիկանության Մասիսի  բաժնում օպերատիվ տվյալներ են ստացվել այն մասին, որ  2020թ. մայիսին Մասիսի բնակչուհին իր մեկամյա երեխային վաճառել է: 

ՀՀ Արարատի մարզի դատախազի տեղակալի դատավարական հետևողական ղեկավարման ներքո ՀՀ Ոստիկանության Մասիսի բաժնի, ինչպես նաև ՀՀ Ոստիկանության ՔՈ գլխավոր վարչության աշխատակիցների իրականացրած արդյունավետ աշխատանքի արդյունքում 13.05.2020թ. Մասիս  քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել Ոստիկանության Մասիսի բաժնում այն մասին, որ իր որդուն 500.000  ՀՀ դրամ գումարի դիմաց վաճառել է Երևան քաղաքում բնակվող ամուսիններին, սակայն վերջիններս մաս-մաս վճարել են ընդամենը 300.000  ՀՀ դրամ:

ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ նյութերի նախապատրաստման ընթացքում, կարճ ժամանակահատվածում ձեռանարկված օպերատիվ անհրաժեշտ միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ նշված կինը 2019թ. ապրիլին ծննդաբերել է տղա երեխա: Վերջինս Երևան քաղաքի բնակիչ հանդիսացող ամուսինների հետ նախապես համաձայնության գալով իր մեկամյա որդուն 500.000 դրամի դիմաց նրանց վաճառելու  շուրջ՝ 2020թ. մայիսի 5-ին գնացել են Մասիսի ՔԿԱԳ տարածքային բաժին, որտեղ գնորդը  ճանաչել է երեխայի հայրությունը և վերցրել են վերջինիս ազգանունով երեխայի՝ նոր ծննդյան պետական վկայականը։ 

Օրեր անց գնորդ ամուսիները հարազարտների հետ գնացել են երեխայի կենսաբանական մոր տուն, որտեղ երեխայի առքի համար նախատեսված պայմանավորված 500.000 ՀՀ դրամից վճարել են 200.000 ՀՀ դրամ  գումար, ձեռք բերել գումարի մնացած մասը՝ 300.000 դրամը, հետագայում տալու պայմանավորվածություն և վերցնելով երեխային՝ տարել իրենց հետ: Հետագայում՝ 11.06.2020թ. և 31.07.2020թ., նրանք մնացած գումարից վճարել են ևս 50.000-ական դրամ: 

      Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքի կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի հանցավոր արարքի հատկանիշներ պարունակող տվյալներ՝ Ոստիկանության  Մասիսի  բաժնում դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 168-րդ հոդվածի 1-ին մասով:

Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Մասիսի քննչական բաժին: 

Միջոցներ են ձեռնարկվում դեպքի լիարժեք հանգամանքները պարզելու ուղղությամբ: 

 

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում