Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց. Սեյրան Օհանյանը դեռևս հիվանդանոցում է

Քոչարյանի և մյուսների գործով նիստը կրկին հետաձգվեց. Սեյրան Օհանյանը դեռևս հիվանդանոցում է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին և նախկին պաշտոնյաներին առնչվող սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։

Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրել է, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս հիվանդանոցում է և չի կարող մասնակցել մարտի 16-ի նիստին։

«Նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով Սեյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին այս նիստին չներկայանալ։ Հաջորդ դատական նիստը նշանակելուց առաջ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- տեղեկացնում են ՀՀ երկրորդ նախագահի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմից:

Դանիբեկյանը հայտնել է, որ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին և հաջորդ դատական նիստը նշանակել է մարտի 23-ին՝ ժամը 13։00-ին։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում