Ճապոնիան 3,4 միլիարդ դոլար կներդնի՝ համաճարակի դեմ պայքարելու համար
Ճապոնիայի կառավարությունը 376,7 միլիարդ իեն (3,4 միլիարդ դոլար) կտրամադրի Միջազգային զարգացման ասոցիացիային (IDA), որը կազմակերպություն է Համաշխարհային բանկի կազմում՝ ցածր եկամուտ ունեցող երկրներին աջակցելու կորոնավիրուսային համաճարակի դեմ պայքարում: Այս մասին հաղորդվում է Ճապոնիայի ֆինանսների նախարարության կայքում։
«Աշխարհը շարունակում է դիմակայել COVID-19 ճգնաժամին: Մենք վտանգված ենք կորցնելու այն, ինչ ձեռք ենք բերել ծայրահեղ աղքատությանը վերջ տալու ճանապարհին: Քանի որ կորոնավիրուսի նոր շտամների թիվը շարունակում է աճել, մենք պետք է արագ պատվաստանյութեր և դեղամիջոցներ մատակարարենք, այդ թվում՝ զարգացող երկրներին»,- ասված է Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկիի հայտարարության մեջ։ Նշվում է, որ Ճապոնիայի այս ներդրումը կլինի ամենամեծը երբևէ:
Ճապոնիան նախկինում բազմիցս աջակցություն է ցուցաբերել այլ պետությունների միջազգային COVAX հարթակի միջոցով: Այս միջոցառումների շրջանակում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի մոտ 25 միլիոն չափաբաժին է ուղարկվել մի շարք երկրներ, այդ թվում՝ Ինդոնեզիա, Վիետնամ, Մալայզիա և Թաիլանդ։ Ճապոնիան խոստացել է ևս 10 մլն չափաբաժին հատկացնել աֆրիկյան երկրներին։
Կարծիքներ