ԱՀԿ-ն հայտնում է աշխարհում մեկ շաբաթվա ընթացքում կորոնավիրուսից մահացության 10%-ով նվազման մասին
Անցած շաբաթվա ընթացքում աշխարհում ավելի քան 4 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահացել է գրեթե 47 հազարը։ Ինչպես չորեքշաբթի հայտարարեց Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ), նախորդ յոթ օրերի համեմատ նոր վարակների թիվը նվազել է 5%-ով, իսկ մահերը՝ 10%-ով։
«Անցած շաբաթվա ընթացքում և՛ նոր վարակների, և՛ մահերի թիվը նվազել է նախորդ շաբաթվա համեմատ համապատասխանաբար 5%-ով և 10%-ով»,- ասվում է ԱՀԿ-ի համաճարակաբանական տեղեկագրում։ Փաստաթղթում բերված վիճակագրության համաձայն՝ դեկտեմբերի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում հայտնաբերվել է 4 000 817 վարակակիր, գրանցվել է մահվան 46 961 դեպք։
Եվրոպային բաժին է ընկնում յոթ օրվա ընթացքում գրանցված վարակի դեպքերի 65%-ը և մահերի 60%-ը. գրանցվել է հիվանդացության 7%-ով նվազում, մահացությունը՝ 3%-ով։ Հիվանդացության զգալի աճ է գրանցվել Աֆրիկայում (111%-ով): Միևնույն ժամանակ, անցյալ շաբաթ վարակի զգալիորեն ավելի քիչ դեպքեր են գրանցվել Ամերիկայում (10%-ով), Հարավարևելյան Ասիայում (10%-ով) և Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (7%-ով): Մահացությունն աճել է Արևմտյան Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում (4%), սակայն նվազել է Հարավարևելյան Ասիայում (50%), Ամերիկայում (14%), Արևելյան Միջերկրական ծովում (3%) և Աֆրիկայում (1%):
Միացյալ Նահանգները հայտնել է մեկ շաբաթվա ընթացքում վարակվածների ամենամեծ թիվը (674,019): Դրան հաջորդում են Գերմանիան (351 738), Մեծ Բրիտանիան (350 340), Ֆրանսիան (335 972) և Ռուսաստանը (215 283):
Աշխարհում գերիշխող «դելտա» շտամը վերջին 60 օրվա ընթացքում հայտնաբերվել է անալիզների 99.2%-ում, «omicron»-ը՝ 0.4%-ում։
Դեկտեմբերի 14-ի դրությամբ, համաճարակի սկզբից աշխարհում գրանցվել է վարակման 270 031 622 դեպք և 5 310 502 մահ։ Վարակվածների թիվն օրական ավելացել է 395564-ով, մահերինը՝ 5312-ով:ԱՀԿ-ին հաղորդված վարակի հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 49,629,855, որին հաջորդում են Հնդկաստանը (34,703,644) և Բրազիլիան (22,167,781): Մահացածների թիվն ամենաշատն է ԱՄՆ-ում՝ 790 920, երկրորդ գիծը զբաղեցնում է Բրազիլիան (616 251), երրորդը՝ Հնդկաստանը (475 888)։
Կարծիքներ