ՀՀ սահմանին ուղղված գործողություններով Ադրբեջանը փորձում է ներքին խնդիր լուծել.Ալեքսանդր Իսկանդարյան
Հայաստանի սահմանի ուղղությամբ Ադրբեջանի գործողություններն այնպիսի բնույթ չունեն, որ սպասենք հետագայում լուրջ զարգացումների: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ մեկնաբանելով հուլիսի 12-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ուղղությամբ կատարած սադրիչ գործողությունները:
«Նման գործողությունների հաջողությունները սովորաբար երևում են առաջին մի քանի ժամում: Մենք տեսանք, որ Հայաստանի զինվաժ ուժերին հնարավոր չեղավ հանկարծակիի բերել: Սա խոսում է Հայաստանի զինված ուժերի պատրաստվածության մասին»,-ասաց Ալեքսանդր Իսկանդարյանը:
Քաղաքագետն ընդգծեց, որ այս փուլում Ադրբեջանը նման գործողություններով փորձում է ներքին, տեղական խնդիր լուծել: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով, Ադրբեջանում ներքին զարգացումները շատ դժվար է վերլուծելը, որովհետև այնտեղ մամուլի նկատմամբ բոլորվին այլ մոտեցումներ են, փաստացի սահմանափակումներ կան:
« Շատ դժվար է հասկանալ, թե իրականում ինչ է կատարվում, սակայն եղած տեղեկություններով կարող ենք ասել, որ Ադրբեջանի քաղաքական էլիտայում լուրջ իրադարձություններ են տեղի ունենում ՝ կապված, թե արտաքին գործերի, թե պաշտպանության նախարարների հետ: Դրանից բացի Արդբեջանում շատ լուրջ տնտեսական ու համաճարակային իրավիճակ է, դրան զուգահեռ առկա է սոցիալական դժգոհություն»,-ասաց քաղաքագետը:
Ալեքսանդր Իսկանդարյանը նշեց, որ սահմանին նման գործողություններով իշխանությունները կարող են աշխատել ուժերը կոնսոլիդացնելու համար: Մյուս կողմից, հնարավոր է Ադրբեջանի էլիտային վախեցրել է առավել լուրջ խնդիրների բախվելու հավանականությունը:
«Չեմ կարծում, որ Ադրբեջանի գործողություններն ուղիղ կապ ունեն վերջին մեկ, երկու ամսվա ընթացքում տարբեր մակարդակներով արված ռազմատենչ հայտարարությունների հետ: Այդ հայտարարությունները մշտապես են եղել, վերջին ամիսներին նույնպես ականատես ենք եղել: Այն ինչ տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջան սահմանին, նորից ասեմ, ըստ երևույթին, ներքին խնդիր են փորձում լուծել: Նորից եմ կրկնում, չեմ կարծում, որ այս գործողությունները զարգացող բնույթ ունեն»,-հավելեց Ալեքսանդր Իսկանդարյանը:
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները հուլիսի 12-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով Տավուշի ուղղությամբ ՀՀ պետական սահմանը խախտելու փորձ են կատարել: «Հայկական կողմի նախազգուշացումից հետո Ադրբեջանի զինծառայողները, թողնելով ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենան, վերադարձել են իրենց դիրք: Ժամը 13: 45-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները կրկնել են հայկական զինված ուժերի սահմանային դիրքը գրավելու փորձը, կիրառելով հրետանային կրակ, սակայն ճնշվել են հայկական կողմից և, կորուստներ կրելով, հետ շպրտվել»,- հայտնել էր ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ հավելելով, որ հայկական կողմից կորուստներ չկան:
Ավելի ու Շուշան Ստեփանյանը տեղեկացրել էր, որ Ադրբեջանական կողմը վերսկսել է հրետակոծել հայկական նույն դիրքի ուղղությամբ, որտեղի ժամեր առաջ փորձել էին ՈՒԱԶ մակնիշի ավտոմեքենայով անցնել հայ-ադրբեջանական սահմանը: «Ադրբեջաբական կողմը վերսկսել է հրետակոծել մեր նույն դիրքի ուղղությամբ 82 մմ ականանետից և տանկից: Իրավիճակի լարման հետևանքների ամբողջ պատասխանատվությունը կրելու է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը»,-հայտնել էր նա:
Առավոտյան արդեն Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ երկու-երեք ժամվա դադարից հետո հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի կողմից Տավուշի ուղղությամբ իրականացվող գործողությունները։ ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների վերաբերյալ զրույց է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշչիկի հետ:
Կարծիքներ